Դեկտեմբերի 2-ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» (What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership) խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշեց ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը:
Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանը՝ ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել: