ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակում քննարկել են ջանքերի համակարգումը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման հարցում։ Չավուշօղլուն և Լավրովը անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Ուկարինայում ստեղծված իրավիճակին։ Դեկտեմբերի 3-ին նախատեսված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունների շրջանակում քննարկվելու է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Անկարային հնարավոր միջնորդության վերաբերյալ Էրդողանի առաջարկը։
50 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ՝ ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Եվրամիությունը Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային արտաբյուջետային Խաղաղության եվրոպական ֆոնդից կտրամադրի շուրջ 50 միլիոն եվրո: Աջակցությունն ուղղված է այդ երկրների պաշտպանական ներուժի, խաղաղության ու ներքին կայունության ամրապնդմանը: Ըստ Եվրոպական խորհրդի որոշման՝ Վրաստանը կստանա 12.75 միլիոն, Մոլդովան՝ 7 միլիոն, իսկ Ուկրաինան՝ 31 միլիոն եվրո:
Եվրոպական խորհրդի հաղորդագրության համաձայն՝ ֆինանսավորումը պայմանավորված կլինի միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, միջազգային հումանիտար իրավունքի և այլ միջազգային կանոնների և չափանիշների պահպանմամբ:
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ԿԱՆՑԼԵՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ
Բեռլինում տեղի է ունեցել կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հեռանալու հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը եղել է պաշտպանության նախարարության շենքի բակում: Գերմանիայում, ըստ ավանդույթի, բարձրաստիճան քաղաքական գործիչը կարող է ինքն ընտրել միջոցառման երաժշտական նվագակցությունը․ Բունդեսվերի նվագախումբն այս անգամ Մերկելի ցանկությամբ կատարել է գերմանական փանկ ռոքի լեգենդ Նինա Հագենի երգը։ Քաղաքական գործիչը նաև ընտրել է 50-ականների գերմանացի դերասանուհի և երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի ստեղծագործություններից մեկը։ Միջոցառումը եզրափակել է ազգային հիմնը։
Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլորին համագործակցության և վստահության համար։ Նա հիշել է իր պաշտոնավարման ամենավառ պահերը։ «Այս 16 տարիները լի էին բազմաթիվ իրադարձություններով և մարտահրավերներով, որոնց պետք էր դիմակայել, դրանք հետք են թողել իմ մեջ՝ թե՛ որպես քաղաքական գործչի, թե՛ որպես մարդու»,- ասել է նա։ Նա նաև հաջողություն է մաղթել հաջորդ կառավարությանն ու ապագա կանցլեր Օլաֆ Շոլցին: Մերկելը որպես կանցլերի պաշտոնակատար կաշխատի ևս մի քանի օր։ Նա Գերմանիան ղեկավարում է 2005 թվականի նոյեմբերի 22-ից։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ՝ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻՆ
Աշխարհում շարունակում է աճել կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամով վարակվածների թիվը։ Շտամի տարածման ֆոնին Ճապոնիայի իշխանությունները խստացրել են հակահամաճարակային սահմանափակումները։ Մի շարք երկրներից ժամանող Ճապոնիայի քաղաքացիներն այսուհետ պարտավոր են հատուկ նախատեսված հաստատություններում եռօրյա կարանտին անցնել։ Օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր ժամանակավորապես սահմանափակվել է։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 4-ից։ Դեռ նոյեմբերի 29-ին Ճապոնիայի իշխանությունները կրճատել էին երկիր մուտք գործողների թիվը՝ հասցնելով օրական 3,5 հազարի։
Ռուսաստանում Հարավային Աֆրիկայից և հարևան երկրներից ժամանող անձանց համար երկշաբաթյա կարանտին է հայտարարվել։ Ուղիղ չվերթերն այդ երկրների հետ դադարեցված են։
Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը։ Նշվում է, որ նա որևէ կապ չի ունեցել Հարավային Աֆրիկայի հետ և չի մեկնել այդ երկիր։ Երկրում արդեն կա օմիկրոն շտամով 5 վարակակիր։ Իսպանիայի իշխանությունները խստացրել են սահմանափակումները։ Դադարեցվել են թռիչքները դեպի Հարավային Աֆրիկա և վեց հարևան երկիր։
Չինաստանն աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութ ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է երկրի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին։ Գիտատեխնիկական զարգացման կոմիտեի ղեկավար Չժեն Չժունվեյն իր հերթին ընդգծել է, որ նոր շտամի մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի, իսկ ԱՀԿ գնահատմամբ՝ Օմիկրոնը կարող է ավելի վարակիչ լինել, քան դելտա շտամը։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՆԱՎԹԱՀԱՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգի Ալ-Հարրատ նավթահանքում ահաբեկչության հետևանքով առնվազն 10 նավթագործ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը: Գործակալության տվյալով՝ աշխատակիցներին տեղափոխող երկու փոքր ավտոբուս ենթարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դեյր-էլ-Զորի նահանգապետ Ֆադել Նաջարն ընդգծել է, որ հարձակման նպատակն է «խանգարել նահանգի ձեռնարկությունների և գործարանների վերականգնմանը»։