Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը:
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության մեկ տարին լրանալուց հետո էլ բազմաթիվ հայ ռազմագերիներ դեռ ազատ չեն արձակվել, զոհվածների աճյունները չեն վերադարձվել, հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է: Ադրբեջանը դարձյալ հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ: Արցախի բնակչությունն էլ շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության հրաժեշտություն, մշակութային ժառանգության ոչնչացում, ջրի խիստ սակավություն ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով):
Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիայի ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ պահանջելով ի կատար ածել 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում՝ գերիների անհապաղ արձակումը, զոհվածների աճյունների վերադարձն ու անհայտ կորածների ճակատագրի պարզումը: Այն կոչ է անում միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին, հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը, տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը: Բանաձևով Կիպրոսի խորհրդարանականները միաժամանակ հորդորում են միջազգային հանրությանը՝ գործել այնպես, որ արդյունքում դադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: