Ուկրաինան մեկ տարով երկարաձգել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ պաշտոնական Կիևի կողմից չվերահսկվող որոշ տարածքներում տեղական ինքնակառավարման հատուկ ընթացակարգի մասին օրենքի գործողությունը՝ գրում է DW-ն։ Հինգշաբթի տեղի ունեցած քվեարկության ժամանակ օրենքի երկարաձգումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը պաշտպանել է Գերագույն Ռադայի պատգամավորների ավելի քան երկու երրորդը։ Այն ուժի մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերին և մի քանի անգամ երկարացվել է։
Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ միայն տեղական մարմինները՝ ընտրված արտահերթ ընտրությունների ժամանակ, կարող են իրականացնել ինքնակառավարման հատուկ կարգը։
Փաստաթղթի համաձայն՝ Դոնբասի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգը ուժի մեջ է մտնում միայն «օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պայմանների կատարումից հետո», այդ թվում՝ Ուկրաինայի տարածքից բոլոր զինված կազմավորումների, նրանց զինտեխնիկայի դուրսբերումից հետո»:
Դոնբասում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի համաձայն՝ հատուկ կարգավիճակը պետք է ամրագրվեր սահմանադրությամբ դեռևս 2015 թվականին, սակայն դրա իրականացումը կասեցվել է։