Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեխամերը ուրբաթ հայտնել է, որ Ավստրիայի իշխող Ժողովրդական կուսակցության նախագահությունը իրեն ընտրել է նոր նախագահ, և ինքը դարձել է Ավստրիայի կանցլերի պաշտոնի թեկնածու՝ հայտնում է ТАСС-ը:
Կարլ Նեխամերը հայտնել է երկրի կոալիցիոն կառավարությունում նախատեսվող վերադասավորումների մասին: Նրա խոսքով՝ Ավստրիայի ԱԳՆ-ն կրկին կգլխավորի Ալեքսանդր Շալենբերգը, որը մինչ այդ զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը:
Նեխամերը շնորհակալություն է հայտնել և՛ նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ կուսակցությունը ղեկավարելու հնարավորություն ընձեռելու համար, և՛ գործող կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին, որը Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո Ավստրիայի համար բարդ իրավիճակում համաձայնեց ստանձնել կառավարության ղեկավարի պարտականությունները: