Լոռու մարզի դատախազի` ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016-ից մինչև 2021 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար:
Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի՝ ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի հատված 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5 մլն դրամի նյութական վնաս:
Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ («ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս») և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտահատումների ամբողջական ծավաները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: