Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ասոցիացիան հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրել է «հավասարը-հավասարին» բաց առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, 44-օրյա պատերազմի մասնակից և վիրավորում ստացած անձինք:
Կամո Դավթյան - 26 տարի առաջ՝ 35 տարեկանում կորցրի 2 ձեռքերս, հոսանքավորվեցի աշխատանքի ժամանակ: Մեկ տարի հետո աշխատում էի ինձ վրա, սկիզբը շատ դժվար էր:
Դժբախտ պատահարին դեմ գնալով՝ Կամո Դավթյանը հստակ որոշեց՝ հենց ձեռքի սպորտով պետք է կյանքը շարունակի:
Այսօր արդեն Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահն անցկացնում է 47-րդ առաջնությունը, որոնցից 11-ը միջազգային. 3-ը Հայաստանում, 8-ը՝ դրսում: Հիմանականում փորձում են առաջնությունները նաև մարզեր տանել:
Արմենն էլ մոտ 4 տարի է սպորտով է դժվարությունները հաղթահարում. իր մեդալների մասին...
Արմեն Ավետիսյան - Դեռ ոսկի չեն:
Ասում է՝ երազանքին հասնելու համար, պետք է անտարբեր չլինել ու աշխատել:
Արմեն Ավետիսյան - Հետագա 10 տարին պիտի աշխատեմ, հաց վաստակեմ, տեսնեմ՝ կլինի՞:
Հաշմադամություն ունեցողների պաշտպանության օրվա բաց առաջնությանն իր սաների հաջողություններով է հպարտանում ֆեդերացիայի մարզիչը. այս տարի Սլովենիայում աշխարհի առաջնության որակավորման մրցաշարին լավագույն 12-ում են ընդգրկվել: Եվ մինչև մարզիչն իր մարզիկների առաջընթացով էր հպարտանում, «Լուրերի» նկարահանումն ուղեկցող գնդակներն էին նրանց փոխարեն հուշում՝ լավ են խաղում:
Կամո Դավթյան, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ - Մրցաշարը կոչվում է «հավասարը-հավասարին», որովհետև նպատակը հենց հավասարությունն է: Մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի տղաները: Ճիշտ է, հիմա իրենց մոտ վերականգնողական շրջան է, բայց ուզում ենք շեղել:
Ադապտիվ սպորտի սուպերգավաթակիրն էլ պատրաստվում է արագ ոգեշնչել ընկերներին ու շարունակել իր մրցամարտը, պարտություն չի սիրում:
Գևորգ Բեգլարյան, մարզիկ - Մանկուց թենիս եմ խաղում, հենց ձախ ձեռքով եմ զբաղվել: Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո չխանգարեց, շարունակում եմ զբաղվել:
Գևորգ Բեգլարյանն առաջին տեղի ևս մեկ մեդալով չի սահմանափակվի, այս մեկը նոր հաղթած՝ արդեն ուրիշ մրցելույթների մասին է մտածում:
Նախորդ տարի պետությունը մոտ 29 միլիոն դրամ է տրամադրել ադապտիվ սպորտին, իսկ այս տարի կտա 104 միլիոն: Աջակցություն կստանա նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան:
Ալեքսանդր Դիարյան, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի մարզիչ - Որ ունենանք մեր անձնական դահլիճը, մեր գույքը, ռակետները պետք է ժամանակ առ ժամանակ փոխել:
Կարեն Գիլոյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ - Այսօր կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամային սպորտին: Մեր մարզիկները շուտով նաև կմրցեն ոչ միայն ուղղակի մրցելու համար, այլ տուն կբերեն մեդալների մեծ պաշար:
Գավաթներից ու մեդալներից բացի առաջնության ավարտին նաև հայկական ԱյԹի ընկերություններից դրամական մրցանակներ կան 1-3-րդ տեղերի համար: