Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել՝ ինչու են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վիճակագրական կոմիտեն կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:
«Սկզբունքային հարց է՝ պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց, իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ վարչապետի հանձնարարականով՝ ուսումնասիրությունները շարունակվում են:
««Արմեդ» համակարգը, երբ քովիդը նոր ի հայտ եկավ, սկսեց թեստավորումների, հիվանդացության, մահվան դեպքերի շտեմարանն ընդլայնել և հընթացս ավելացնել իր դարաններում: Հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ-ի ընդհանուր, համապարփակ վիճակագրական տվյալներով: Պատճառներն ամբողջությամբ կուսումնասիրվեն և կներկայացվեն»,- ասաց Ավանեսյանը:
Ավելի ուշ՝ Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում, նախարարը նշեց՝ Վիճակագրական կոմիտեն ամփոփում է մեր երկրում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան, ինչը վերաբերում է նաև մահվան դեպքերին:
««Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահերին ինֆորմացիայի կորուստ եղել է, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը: