ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարևորել է համագործակցությունը միջազգային փորձագետների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ:
«Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի հետևանքները և արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Արևմտյան Եվրոպայի երկրների հետ տարբեր ուղղություններով ծրագրերի ղեկավար Նանա Կալանդաձեն տեղեկացրել է` կազմակերպությունը ժողովրդավարական և ընտրական գործընթացների աջակցության ինստիտուտ է, որի հիմնական նպատակը սահմանադրական բարեփոխումների գործընթացին օժանդակելն է:
Ի պատասխան հյուրերի հարցադրմանը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնահարցը մշտապես եղել է Հայաստանի խորհրդարանի և այլ պետական մարմինների օրակարգում:
«Մենք կարևորել ենք ու շարունակում ենք կարևորել սահմանադրական փոփոխությունների հարցով համապատասխան հանձնաժողովների գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ նրա` պատերազմից հետո ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հարցին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: