Սննդի կետերը, որոնք կհրաժարվեն կիրառել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Կառավարության նոր սահմանափակումները, վարչական տույժերի կենթարկվեն: Այդ մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում՝ կան սանկցիաներ:
Բազմից կրկնում եմ, որ, ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների վրա, և ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է. բայց ո՞րն է մեր ճանապարհը. եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջև ենք մենք կանգնում. շատ ավելի վատ և՛ առողջապահական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով, այսինքն՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև տնտեսությունը. նաև հենց նույն ռեստորանները, նաև նույն համերգային և այլ գործունեությունը, որովհետև եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, ապա բոլորս հասկանում ենք, որ խնդիրն անդրադառնում է բոլորիս վրա»,- նշեց նախարարը: