Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ սահմանամերձ Դավիթ Բեկում բացվեց զարգացման կենտրոն: Ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետը և Դավիթ Բեկի բնակիչներ: Գործադիր իշխանության ներկայացուցիչները դատարկաձեռն չէին եկել, կենտրոնի սաներին բերել էին իրենց կողմից մակագրված գրքեր:
Զարգացման կենտրոնը գրքեր ստացավ նաև Հայաստանի վարչապետից: Նիկոլ Փաշինյանն իր օգնականի միջոցով դավիթբեկցի երեխաներին է փոխանցել մի քանի կարևոր գրքեր, այդ թվում՝ հեղինակային «Երկրի հակառակ կողմը» գիրքը:
Կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, հագեցած է նորագույն սարքավորումներով: Նախատեսում են ընդլայնել տարածքն ու բացել ռոբոտաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների դասասենյակներ, նաև՝ էլեկտրոնային գրադարան:
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ սա երեխաների գաղափարն է, իսկ մենք այն իրականացրեցինք միջազգային գործընկերների հետ համատեղ:
Ռոբերտ Ղուկասյան (ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի ղեկավար) - Ե՛վ գաղափարը, և՛ դիզայնը, և՛ ամեն ինչը, ինչ կարող եք տեսնել այստեղ, իրականում իրականացվել է հենց երեխաների կողմից, մեր անելիքը ընդամենն այդ ամեն ինչը տեսանելի դարձնելն էր:
Զարգացման կենտրոնում իրենց գիտելիքները կհարստացնեն գյուղի 70 երեխաներ: Փորձառու մասնագետները կենտրոնի սաներին կօգնեն կյանքի կոչել ցանկացած գաղափար` ի նպաստ երկրի ու հարազատ բնակավայրի:
Ռոբերտ Ղուկասյան - Կարծում եմ՝ շուրջ 150 հազար դոլարի ներդրում կունենանք էստեղ: Տարբեր տարիքի մարդիկ կարող են գալ այստեղ. հենց էս զարգացման կենտրոնը նրա համար է, որ բացահայտենք երեխաների ունակությունները և ճիշտ ուղղորդենք իրենց ապագա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը զարգացման կենտրոնի սաներին խոստացավ հաճախ հյուրընկալվել և նպաստել կենտրոնի կայացմանը:
Զարգացման կենտրոնի սաներն արդեն բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ ունեն, որոնք ցանկանում են մոտ ապագայում իրականացնել:
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը վստահեցրեց, որ առաջիկայում զարգացման կենտրոններ կբացվեն Սյունիքի մյուս սահմանամերձ բնակավայրերում:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան