Ֆինանսական շուկաների ինտեգրումը կարևոր ռազմավարական նախաձեռնություն է ԵԱՏՄ-ի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կայացած Եվրասիական երկրորդ համագումարի իր ելույթում:
«Տարեցտարի մենք արձանագրում ենք այն փաստը, որ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացումը կարևորագույն հարց է մեզ համար, և առանց ազգային արժույթների զարգացման և մասնաբաժնի ավելացման, կարծում եմ, առևտուրը լիարժեք չի լինի՝ հենց լիարժեք ինտեգրման գործընթացի իմաստով»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր երկրների արժույթներն անկայուն են, իսկ ներկայիս ինֆլյացիայի պայմաններում այդ հարցը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում:
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ հաշվարկների համակարգի ճիշտ կառուցման դեպքում կձևավորվի հարթակ՝ ազգային արժույթների որոշակի կուտակման համար: Այն, իր հերթին, կարող է ծառայել Միության ներսում խթանող գործիքների ստեղծմանը։
«Եվ այդ խթանող գործիքները, արժույթը շատ կարևոր են, և այդ իմաստով այն մեծ դեր կունենա կոոպերացիոն գործընթացների և առևտրի խթանման առումով։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ֆինանսական գործիքակազմ, որի դիզայնը կատարվել է մեր երկրների ազգային արժույթներով։ Դա շատ կարևոր է։ Իսկ հետո ցիկլայնությունը ևս արդյունքներ կտա»,- նշել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը կազդի ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա։ Կախվածությունը երրորդ արժույթից առևտրում լուրջ ծախսեր է ենթադրում։ Դա հանգեցնում է նրան, որ ապրանքների և ծառայությունների պահանջարկն ընկնում է փոխարկելիության ծախսերի պատճառով։
Գրիգորյանը նշել է, որ Եվրասիական զարգացման բանկը հնարավոր հարթակներից մեկն է, որը կարող է կառուցել այդ համակարգը։
«Կարծում եմ, որ Եվրասիական զարգացման բանկի շրջանակում և հարթակում կկարողանանք գործարկել և զարգացնել ռազմավարական այս նախաձեռնությունը։ ԵԱԶԲ-ն բավական հիմնաքարային քայլեր է արել՝ այդ առաքելության կատարմանը նախապատրաստվելու համար»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։