ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ունենք իրադրության մեղմացում: Բայց, մյուս կողմից՝ սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն կոչվող, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, բայց դեռևս հստակ չէ՝ նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը: Պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով պատվաստումային գործընթացի մասին՝ Փաշինյանը նշեց, որ երկու պատվաստում ստացածների թիվը հատել է 480 հազարի շեմը:
«Բացի շաբաթ-կիրակիից, մեզ հաջողվում է օրական 20 հազարից ավելի պատվաստումներ իրականացնել: Հիվանդանոցային կարողությունների լարվածություն էլ էականորեն նվազել է»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ եթե անգամ նոր շտամի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության տեսանկյունից, միևնույն է՝ հիվանդության ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ:
«Երբ ի հայտ եկավ դելտա շտամը, նույն մտահոգությունները կային, բայց հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է՝ դրանք փրկում են մարդկանց կյանքը: Մեր բոլոր ջանքերը պետք է շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպը արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմը բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը: