ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե այդ երկրները համապատասխան պայմանավորվածության հասնեն։ Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանն այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարող է հող նախապատրաստել դրա համար։ Ըստ Լինդեի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, ինչի դրսևորումներից էր նախորդ ամիս վերսկսված բռնությունը:
Անն Լինդե, ԵԱՀԿ գործող նախագահ - ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի։ Բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակում և դրանից դուրս: Նաև համոզված եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին:
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղղակի երկխոսության վերսկսումը:
Էնթոնի Բլինքեն, ԱՄՆ պետքարտուղար - Կողմերին կոչ ենք անում հասնել առաջընթացի հումանիտար հարցերի, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում։ Հուսով եմ, որ բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ՝ առաջընթացի հասնելու համար:
Բլինքենը նաև կողմերին կոչ է արել լուծել սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը և շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Նա վստահեցրել է, որ Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Ժոզեպ Բորել, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ - Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը։ Մենք պատրաստակամ ենք՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը:
Թուրքիայի արտգործնախարար կարծիք է հայտնել, որ համաշխարհային անվտանգության հետ կապված իրավիճակը կտրուկ փոխվել է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտն ընդունելուց հետո՝ կոչ անելով լուսել փոխվստահության պակասի խնդիրը:
Մևլութ Չավուշօղլու, Թուրքիայի ԱԳ նախարար - Մենք պետք է լուծենք անվստահության խնդիրը և հաղթահարենք ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերները: Հարավային Կովկասում ստեղծվել է կայուն խաղաղության հնարավորություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մյուս անդամների հետ կարող են իրենց ներդրումն ունենալ՝ հիմնվելով նոր իրողությունների վրա:
Համաժողովի շրջանակներում վերջին մեկ տարում երկրորդ հանդիպումն են անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրադրությանը: Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսության վերսկսումը: Լավրովը և Բլինքենը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: