Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խավիեր Մինյանոն պատմել է որոշ մանրամասներ:
«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում ինձ։ Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն՝ հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։
Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություն ստացվեց: Ավելացնեմ, որ, որպես ունկնդիր, ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,- նշել է Մինյանոն: