Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը, որին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվեց Ֆերնանդո Արիասը։
Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։
ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծեցին զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։
Համաժողովին տարածվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020 թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով: