ՀԱՊԿ-ը աֆղանստանցի փախստականների համար հումանիտար միջոցառումներ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մշակվում են ծրագրեր՝ ուղղված նյութական միջոցների պաշարների ստեղծմանը՝ հավաքական ուժերի բարձր պատրաստվածության ապահովման և հնարավոր փախստականների համար հումանիտար միջոցառումների իրականացման համար։ Աֆղանստանից փախստականների և միգրացիոն հոսքերի հարցերն առարկայական քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով վերջին նիստի ընթացքում»,- նշել է Աղասանդյանը։
Նա հավելել է, որ ճգնաժամային արձագանքման համակարգի շրջանակներում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրականացվում է իրավիճակի մշտադիտարկում՝ ճգնաժամային իրավիճակների առաջացման և զարգացման նշանների բացահայտման և վերլուծության նպատակով: