ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՂՄԱՑԵԼ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Դելտա շտամով պայմանավորված 4-ամսյա լարվածությունից հետո Հայաստանում կորոնաիրավիճակը մեղմացել է: Վարչապետի տեղեկացմամբ՝ տարբեր երկրներում շրջանառվող օմիկրոն շտամը այստեղ դեռ չի հայտնաբերվել: Նոր շտամով վարակվածների հիվանդացության ծանրությունը, պատվաստանյութերի ազդեցությունը ուսումնասիրվում են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա: Մենք շոշափելի արդյունքներ ունենք՝ պատվաստման հետ կապված: Ես, ընդհանրապես, հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի, էական թիվ ունենք՝ 480 հազարի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 հազարին:
Ամբողջական պատվաստում ունի 23,9 տոկոսը, պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 40 տոկոսը: Օրական կատարվում է մոտ 20 հազար պատվաստում: Առողջապահության նախարարը հայտարարեց, որ, ըստ ամենայնի, մեկ-երկու շաբաթում պարզ կդառնան օմիկրոն շտամի վերաբերյալ հարցերի պատասխանները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով տվյալ շտամով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու:
Նախարարի խոսքով՝ դելտայի դեմ պայքարի փորձն ու վիճակագրությունն են նաև հաստատում պատվաստումների արդյունավետությունը:
Անահիտ Ավանեսյան - Որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է՝ դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է: Մեր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպը արագացնելու, հանրային իմունիտետի բավարար շեմը բարձրացնենք:
Ավելի քան 12 հազար փաստացի բուժվողներից ընդամենը 1068-ը կամ 8,6 տոկոսն են պատվաստված: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից պատվաստված է ընդամենը 87-ը:
Նիկոլ Փաշինյան - Իսկ մահվան թվերի վիճակագրության տարբերության հետ կապված որևէ եզրահանգման հանգե՞լ ենք, թե՞ շարունակում ենք ուսումնասիրությունը:
Անահիտ Ավանեսյան - Պարո՛ն վարչապետ, Ձեր հանձնարարականի հետ կապված ուսումնասիրությունը շարունակվում է, պատկերն ունենալու դեպքում, ինչպես հանձնարարել եք, կհրապարակենք և հանրությանը կտեղեկացնենք:
Նախարար Ավանեսյանն անդրադարձավ նաև «Արմեդ» համակարգին: Թեստավորումների, հիվանդացության ու մահվան դեպքերի տվյալները ներառող շտեմարանում որոշ տվյալներ չեն ներառվել, որոնք թափանցիկ ներկայացվել են Վիճակագրական կոմիտեում. պատճառները ուսումնասիրվում են:
Նիկոլ Փաշինյան - Պարո՛ն Դավթյան, կարծում եմ, երբ որ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի: Սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ չարամտություն եղե՞լ է, թե՞ չէ, այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չկա: Ճիշտ կլինի, որ դատախազությունը ուսումնասիրի, հարցի հստակ պատասխան ունենանք. եթե կա չարամտություն, որը առաջացնում է պատասխանատվություն, հետևողական լինի, եթե տեխնիկական է, բացերը, որ ունենք, լրացնենք:
Վիճակագրական կոմիտեի ղեկավարը ներկայացրեց ծնունդների ու մահերի վիճակագրության վարման միջազգային մեթոդաբանությունը:
Ստեփան Մնացականյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ) - Հանրությանը մատչելի է, թե ինչ սահմանումներ, ինչ դասակարգումներ, տեղեկատվության աղբյուրը որն է, ցուցանիշների ստացման, ամփոփման գործիքակազմը ինչպես է, ամբողջը տեղադրված է:
Կորոնաիրավիճակի մասին թեման նախարարը եզրափակեց՝ հայտարարելով, վերապրոֆիլավորված որոշ բուժկենտրոններ արդեն վերադառնում են բնականոն աշխատանքի: Հաջորդ շաբաթվանից քովիդով վարակված քաղաքացիների բուժմամբ կզբաղվեն միայն ի սկզբանե այդ նպատակով բացված հիվանդանոցները:
885 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 36 ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՀԱՄԱՐ
Գործադիրը սուբվենցիոն ծրագրով 885 միլիոն 178 հազար դրամ կհատկացնի 36 համայնքի՝ սուբվենցիոն 40 ծրագրի համար:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 է, որից 885 միլիոնն է պետության մասնաբաժինը:
Վարչապետը հարցրեց՝ արդյոք սուբվենցիոն ծրագրերը իրականացվում են պատշաճ որակով: Նախարարության աշխատակիցները, Սանոսյանի խոսքով, մարզային և տեսչական գործընկերների հետ այցելում են շինհրապարակներ: Լինում են նախագծային և շինարարական թերություններ, որոնք շտկելու համար շինարարներին տրվում է ժամկետ:
Գնել Սանոսյան - Ցավոք, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասածը հասկանում են ներկած խողովակ, մենք այդպիսի դեպքերը թույլ չենք տան, խիստ կվարվենք, կան դեպքեր, որ տեսչական մարմինը վարույթ է ընդունել:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ առանց թերության վերացման մենք չենք վճարում, էս գումարներով որակը հավաստված աշխատանքներն են վճարվում:
Գնել Սանոսյան - Առնազն երեք մարմին՝ մեր նախարարությունը, մարզպետարանները և տեսչական մարմինը, ստուգում են համատեղ, առանձին, որակական հսկողությունը համոզվենք նորմալ է՝ կվճարենք:
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը զեկուցեց, որ մոտ 687 ծրագրի համար նախարարությունը դիմել է տեսչական մարմնին, ընթանում են վերահսկողական աշխատանքներ: Մտահոգիչ դեպքերով իրականացվում են վարույթներ, որոշ դեպքերով դիմել են դատախազություն:
Նիկոլ Փաշինյան - Մարզպետները հետևեն, այցելեն շինհրապարակներ, դա նաև կզգոնացնի, առավել ծանրակշիռ ծրագրերը այցելեն, դիտողություններ անեն:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՌՑԱՆՑ
Կառավարությունը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը մինչև 2024-ի ավարտ իրականացնել բացառապես առցանց:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:
Նիկոլ Փաշինյան - Ահազանգի համակարգ լինի, որ, օրինակ՝ դիմումին մնացել է էսքան օր, քաղաքացուն ծանուցել, էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում ահազանգի համակարգ լինի, իմաստ ունի ապահովող ընկերությանը խնդրել, որ լրացնի:
Ակնկալվում է՝ ապահովել ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունը, թեթևացնել վարչարարական և ֆինանսական բեռը: