Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի:
Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա: Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ արդեն երկու պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է:
Անահիտ Ավանեսյան (առողջապահության նախարար) - Այս նոր հայտնաբերված շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվո՞ւմ է, թե՞ ոչ:
Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք: Բայց մեկ բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը:
Այս առումով, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է:
Ուստի, մենք, ինչպես ասացիք, մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպն արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ: Պարոն վարչապետ, նշեմ, որ տոկոսային առումով առաջին դեղաչափն արդեն իսկ ստացել է մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափն ստացել է և ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը: Այո՛, հիվանդացության նվազման առումով մեզ մոտ այս պահին բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել:
Այսօր ունենք գրանցված 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում և, ցավոք, 21 մահ ունենք: Այս պահի դրությամբ ունենք 12465 ակտիվ դեպք, ինչը, տեսնում ենք, որ շեշտակի նվազել է: Պիտի նշեմ, որ այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոսն է կազմում:
Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն են, որ պատվաստված են: Սա ևս շարունակում է ցույց տալ պատվաստումների արդյունավետությունը: Այսքանը:
Նիկոլ Փաշինյան - Տիկին Ավանեսյան, իսկ մենք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ ենք, թե՞ դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները:
Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարականի համաձայն՝ ուսումնասիրությունները շարունակվում են, և մենք ավարտելու և ամբողջական պատկերն ունենալու դեպքում, ինչպես հանձնարարել եք, կհրապարակենք և հանրությանը մանրամասն կտեղեկացնենք: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, «Արմեդ» համակարգը, երբ Covid-ի համավարակը նոր ի հայտ եկավ, սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանն ընդլայնել՝ թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերի և հընթացս ավելացնել իր դարաններում:
Այդ ընթացքում հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներով: Իսկ թե դրա հետ կապված ի՞նչ պատճառներ են եղել, դրանք ամբողջովին կուսումնասիրվեն և կներկայացվեն:
Նիկոլ Փաշինյան - Ամեն դեպքում, պարոն Դավթյան, կարծում եմ՝ երբ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ Դատախազություն էլ ամեն դեպքում ուղարկվի, որովհետև սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Այս պահի դրությամբ, տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխան ունենանք. եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել:
Եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի լրացնենք այն բացերը, որ ունենք մեր համակարգում:
Պարո՛ն Մնացականյան, այս թեմայի հետ կապված Դուք որևէ բան ունե՞ք ասելու:
Ստեփան Մնացականյան (Վիճակագրական կոմիտեի նախագահ) - Ծնունդների, մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է միջազգային համապատասխան մեթոդաբանությամբ: Տեղեկատվության աղբյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է, որովհետև ծնունդներ և մահեր գրանցելու պետական լիազոր մարմինը արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինն է: Մարմինը, մահվան ակտերը կազմելու ժամանակ, նշում է նաև մահվան պատճառները, և այդ պատճառները մեկ-մեկ ուսումնասիրվում են, դրանցով կազմվում է ամփոփ վիճակագրություն:
Ընդհանուր առմամբ սա է: Եթե լինում են տարբերություններ, հետագայում ճշգրտումներ են կատարվում քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնի կողմից: Օրինակ՝ պատերազմի հետևանքով զոհվածների դեպքում, երբ աճյուններն ավելի ուշ են արձանագրվում, քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները շատ պատշաճ նշում էին 2021 թվականին գրանցված մահվան վկայականում մահվան պատճառը և ժամկետը:
Եվ, օրինակ՝ հոկտեմբերին մահեր կային, որ ճշգրտումներ են կատարվել 2021 թվականին, որովհետև աճյունները հայտնաբերվել էին 2021 թվականին: Դրա հիման վրա էլ կատարվում են ճշգրտումներ: Ընդհանուր առմամբ, այս գործընթացն է, մեթոդաբանությունը մշակված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի պահանջներին համապատասխան, որակի հռչակագրերը կազմված են, տեղադրված են, հանրությանը մատչելի է, թե ինչ սահմանումներ, ինչ դասակարգումներ են, տեղեկատվության աղբյուրը և ցուցանիշների ստացման, ամփոփման գործիքակազմը որոնք են: Ամբողջը տեղադրված է և Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում մշակված է համատեղ:
Հայաստանը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտի անդամ, բոլոր այդ ցուցանիշները և մեթոդաբանությունն Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում տեղադրված են, և այնտեղ եռամսյակային փոփոխություններն արձանագրվում են: