Կառավարությունը 36 համայնքի 40 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար տրամադրեց ավելի քան 885 մլն դրամ:
Ինչպես Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագծով առաջարկվել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքի 40 ծրագրի համար պահուստային ֆոնդից հատկացնել 885 մլն 178 հազար դրամ:
«40 ծրագրով նախատեսված աշխատանքները համայնքները իրենց մասով ֆինանսավորել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել: Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 միլիոնն է պետության մասնաբաժինը»,- նշեց նախարարը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի որակին, հետաքրքրվեց, թե պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը որքանով են որակյալ:
«Առնվազն երեք մարմին՝ մեր նախարարությունը, համապատասխան մարզպետարանները, տեսչական մարմնի գործընկերները, համատեղ, որոշ դեպքերում նաև՝ առանձին-առանձին, ստուգում են, և միայն երբ համոզվում ենք, որ որակը նորմալ է, նրանք վճարվում են»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանը նշեց, որ նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:
«Ցավոք սրտի, պետք է ասել՝ բավական դեպքեր կան, որ հայտնաբերվում են նախագծային թերություններ: Ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Եթե այն նորմերը որոնք նախանշված են, չբավարարեն, ապա այդ դեպքում շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այդպիսի դեպքեր փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք. ունենք գործեր, որոնք տեսչական մարմինը վարույթ է ընդունել»,- ասաց նախարարը: