Արշակ Շաքարյան (ավտոդպրոցի ուսուցիչ-վարորդ) - Սա խաղ ու պար չի, մեքենա վարելը լուրջ մասնագիտություն է, որը պետք է պարտադիր յուրացնել: Չկարողանալ չկա: Հնարավոր է ուսանողի հնարավորություններից կախված ստացվի մի քիչ ուշ, բայց «չկարողանալ» բառը մեր մոտ գոյություն չունի:
Երթևեկության կանոնների խախտման պատճառով գրեթե ամեն օր դժբախտ պատահարներ են գրանցվում: Մահացու ելքով դեպքերից շատերը կա՛մ անուշադրության, կա՛մ էլ գիտելիքի պակասի հետևանք են: Մասնագետներն ահազանգում են՝ վարորդական վկայական ունեցողների 80 տոկոսը տեսական ու գործնական գիտելիքներին ամբողջությամբ չի տիրապետում:
Արշակ Շաքարյան - Էն, ինչը կատարվում է երթևեկության մեջ, խոսքս վատ երևույթների մասին է, ծանոթով վարորդական վկայական ստանալու հետևանք է՝ ծանոթով կամ գումարով: Մեքենայի ղեկին նստելուց առաջ պետք ա հասկանաս, որ պատասխանատու ես ոչ միայն քո, այլև դիմացի մեքենայի ուղևորների կյանքի և առողջության համար:
Վարորդական իրավունքի վկայական՝ ծանոթով, տարիներ առաջ հնարավոր էր ստանալ նույնիսկ 15.000 դրամով, հետո թանկացումներ եղան, ու կաշառքի չափը հասավ 75, ապա՝ 120 հազարի. արատավոր «ավանդույթը», ցավոք, նաև այսօր է շարունակվում: Դատախազությունը վերջին մեկ ամսում դեպքերի բացահայտման երկու հայտարարություն տարածեց:
Առաջին դեպքը Վանաձորում էր: Պատասխանատու տեսուչը ձերբակալվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Մյուս՝ առավել աղմկահարույց դեպքը օրեր անց բացահայտվեց Երևանում: Պաշտոնատար անձը վարորդական վկայագրեր էր տրամադրել 35 քաղաքացու, այդ գործով 37 անձի մեղադրանք է առաջադրվել: ՃՈ Երևանի պատասխանատու տեսուչը նույնպես ձերբակալված է:
Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական) - Լայնածավալ գործողություններ են իրականացվում հնարավոր այլ անձանց ևս նման եղանակով՝ հանցավոր ճանապարհով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրված լինելու վերաբերյալ: Այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ևս քրեական հետապնդման հետ կապված դատավարական համապատասխան որոշումներ կկայացվեն, և գործընթացներ կիրականացվեն:
«Վարորդի ընկեր» ՀԿ անդամ Արտակ Խաչատուրովի կարծիքով՝ բացահայտվել է դեպքերի միայն փոքր տոկոսը: Ըստ նրա՝ ապօրինի վկայագրեր առանց քննություն հանձնելու շատերն են ստացել, ինչը քննական կենտրոններում լիարժեք վերահսկողության բացակայության հետևանք է, որի շտկման ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա: Մասնագետին հուսադրում է այն, որ պետությունը 100 տոկոսով երաշխավորել է, որ նման ապօրինի գործողությունների մեջ ներքաշված մարդիկ պատժից չեն խուսափելու:
Արտակ Խաչատուրով (երթևեկության անվտանգության փորձագետ) - Մարդն անընդհատ հույս ա ունենում, որ հեսա ինչ-որ մեկը փող կվերցնի, ինքը հեշտությամբ կստանա, այսինքն՝ ամեն մեթոդի դիմում ա, բացի սովորելուց: Հիմա՝ 18 թվականից սկսած, մեզ հարկավոր ա ապացուցել՝ ոչ թե պետությունը ձգտում էր, էս իրավիճակը խստացրել են, այլ պետք ա ապացուցել, որ մշտական այդպես ա լինելու, որի պատճառով մարդը հույսը կորցնի այլ ճանապարհով ստանալու:
Ըստ դատախազության՝ գործում է հանցավոր մեխանիզմ. ՃՈ պատասխանատու որոշ պաշտոնյաներ իրենց մտերիմների հետ պայմանավորվելով, նրանց միջոցով կաշառքով տեսական և գործնական ձևական քննություններ են կազմակերպում, որոշ դեպքերում էլ վկայականը նույնիսկ առանց քննական կենտրոն ներկայանալու տրամադրում:
Գոռ Աբրահամյան - ՃՈ-ի կողմից կայացված որոշումներով այդ վկայականներն արդեն իսկ ճանաչվել են անվավեր: Ուզում եմ հավաստիացնել, որ իրավապահ մարմինների, դատախազության վերաբերմունքը լինելու է անզիջում, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի էս արատավոր երևույթը՝ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու, վերանա մեզանում:
Արտակ Խաչատուրովն ասում է՝ մարդկանց գիտակցությունը վերջին 3 տարում փոխվել է: Այսինքն՝ վարորդական վկայական ստացողներից շատերը հաղթահարել են նախկին բարդույթները:
Արտակ Խաչատուրով (երթևեկության անվտանգության փորձագետ) - 20-25 տարի աջ ու ձախ, առավոտից գիշեր տպել են, չեն հասցրել, տպել են: 10-ից 9-ին, որ փողոցում հարցում անեք երթևեկության տարրական կանոններ չգիտեն, դա նրանից է, որ երբևիցե չեն բացել, չեն կարդացել, չեն նայել, ու էդ ամբողջ երթևեկության կուլտուրան, ագրեսիան, վթարներ ու մնացած էդ ամեն ինչը ա՛յ դրանց հետևանք են:
Ավտոդպրոցի մասնագետի հետ մեր նկարահանող խմբի շրջայցի ընթացքում վարորդի աչքը կարճ ժամանակում մի քանի խախտում որսաց: Արշակի խոսքով՝ արատավոր երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը քաղաքացիների շրջանում հետևողական աշխատանքն է, որ վարորդական վկայական ստանալու համար ոչ թե ծանոթ-բարեկամ խառնեն, այլ ամբողջովին պատրաստ լինելուց հետո միայն դիմեն քննական բաժին: