ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շրջանակում Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ավիացիայի ոլորտում ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
ՀԱՊԿ-Ը ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱՊԿ-ը աֆղանստանցի փախստականների համար հումանիտար միջոցառումներ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը։ «Աֆղանստանից փախստականների և միգրացիոն հոսքերի հարցերն առարկայական քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով վերջին նիստի ընթացքում»,- նշել է Աղասանդյանը։
Նա հավելել է նաև, որ ճգնաժամային արձագանքման համակարգի շրջանակում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրականացվում է իրավիճակի մշտադիտարկում՝ ճգնաժամային իրավիճակների առաջացման և զարգացման նշանների բացահայտման և վերլուծության նպատակով:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է
Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է, ինչը Ռուսաստանի համար մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մոսկվան ուղիղ սպառնալիք է համարում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեկտեմբերի 1-ի հայտարարությունը, որ մտադիր է վերադարձնել Ղրիմը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևը Դոնբաս է տեղափոխել 125 հազար զինծառայող և սպա։
ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՎ ՌԴ-Ն ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի և Ուկրաինայի սահմանին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ զորավարժությունները տեղի կունենան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում և կանցկացվեն երկու փուլով։ «Մենք պայմանավորվել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ մոտ ապագայում պետք է համատեղ զորավարժություններ անցկացնենք հարավային սահմանին՝ բելառուսա-ուկրաինական սահմանին»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի ձմռանը։
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 300 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2027 թվականը ողջ աշխարհում ենթակառուցվածքների, թվային և կլիմայական նախագծերում 300 միլիարդ եվրոյի ներդրման ծրագիր, որը կարող է դառնալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանք:
Global Gateway ծրագիրը նպատակ ունի ամրապնդել եվրոպական մատակարարման շղթաները, խթանել առևտուրը և օգնել կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Բրյուսելի նախաձեռնության ֆինանսական միջոցները` ԵՄ դրամաշնորհների, վարկերի և երաշխիքների տեսքով, կստացվեն ԵՄ կառույցներից, կառավարություններից, ինչպես նաև ԵՄ ֆինանսական հաստատություններից եվ զարգացման ազգային բանկերից: «ԵՄ-ն ֆինանսավորում կառաջարկի արդար և բարենպաստ պայմաններով՝ պարտքային ճգնաժամի ռիսկը սահմանափակելու համար»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: Ըստ հանձնաժողովի՝ Global Gateway ծրագիրը նպատակաուղղված է այլ երկրների հետ կապերի հաստատմանն` «առանց կախվածության ստեղծման»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո. ասված է հունական Kathimerini օրաթերթում Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հեղինակած հոդվածում։
«Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից»,- գրել է Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները նաև պանթուրանիստական սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան։ Մկրտչյանի համոզմամբ՝ հակամարտության երկարատև կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է։ «Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո»,- եզրափակել է դեսպանը։