Ունենք միայն մեկ մոլորակ. պահենք այնպես, որ հաջորդ սերունդները չառերեսվեն լուրջ և անդառնալի հետևանքների։ Նոյեմբերի սկզբին Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովում հայկական պատվիրակության ներկայացրած մտահոգությունն է: Այս միջոցառմանը հարյուրավոր երկրների մասնակցությամբ սահմանվեց մոլորակի առաջնային էկոլոգիական խնդիրը՝ գլոբալ տաքացումն իր հետևանքներով շարունակում է լուրջ սպառնալիք մնալ։
Աննա Մազմանյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Տասնյակ տարիների ընթացքում գիտնականները հետազոտել են, և մենք ունենք եզրակացություն, որ եթե օդի ջերմաստիճանը 2 աստիճանով բարձրանա, ապա տասնյակ քաղաքներ ու երկրներ պարզապես կդադարեն գոյություն ունենալ:
Համաժողովի ընթացքում երկրները մոլորակի ճակատագրի համար կարևոր որոշումներ են կայացրել։ Օրինակ՝ ամրագրվել է դադարեցնել նույնիսկ արտադրական ծառահատումները, նաև՝ հասնել մեթանի կրճատմանը:
Աննա Մազմանյան - 141 երկիր խոստացավ մինչև 2030 թվականը դադարեցնել անտառահատումները:
Կլիմայի գլոբալ տաքացումը չի շրջանցելու ոչ մի երկիր, մենք էլ բացառություն չենք։ Փոխնախարարը նկատում է՝ չնայած գլոբալ առումով խնդրի կարգավորման գործում մեր երկրի լուման փոքր է, բայց, փոխարենը՝ հնարավոր հետևանքները պակաս ծանր չեն լինելու։ Հայաստանում ջերմաստիճանն արդեն 1,3 աստիճան բարձրացել է՝ նկատում է փոխնախարարը:
Աննա Մազմանյան - Ինչու ջրամբարները չեն լցվում, չնայած շատ է լինում ձյունը, որովհետև արագ է հալչում, և ջրամբարները չեն հասցնում լցվել ու չեն ունենում ջուր, որը գյուղատնտեսությունն օգտագործի ոռոգման համար: Հայաստանը գյուղատնտեսական խնդիր կունենա. երկիրը կորցնելու է գյուղատնտեսական վարելահողերը։
Կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով, մասնագետների կարծիքով, կավելանան քամիները, կարկուտը և այլ բնական աղետներ։ Դիմագրավման լուծումները շատ չեն՝ հարմարվել ու մեղմել վնասը։
Աննա Մազմանյան - Մեր ամենամեծ արտանետումները էներգետիկ ոլորտից են, ու Հայաստանն ունի պարտավորություններ այդ արտանետումները կրճատել, դրա համար պետությունն ունի գործիքներ, որ կիրառում է, օրինակ՝ էներգամոբիլների օգտագործում, անցում արևային էներգիայի և այլն։
Էկոլոգիական խնդիրներն աշխարհի համար իրական մարտահրավեր են, ինչը պարզ երևում է նաև Հայաստան-Եվրամիություն ճանապարհային քարտեզից։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նախատեսված է ավելի քան 100 միջոցառում, որ Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի միջազգային չափանիշներին։
Լուսինե Ավետիսյան (ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ) - Հարցերի մոտ մեկ երրորդը, կարելի է ասել, որ շրջակա միջավայրին և կլիմային առնչվող միջոցառումներ են, որոնք պետք է իրականացվեն:
Ժամկետը մինչև 2026 թվականն է, բայց կատարվել է պարտավորությունների մոտ 15-20 տոկոսը, ծավալը մեծ է, ասում է Ավետիսյանը, բայց գրեթե բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում։ Շրջակա միջավայրին վերաբերող բոլոր ոլորտներում օրենսդրական ռեֆորմներ են լինելու, այս շրջանակում արդեն բարեփոխվել է Ջրային օրենսգիրքը, մշակվել է «Մթնոլորտային օդի մասին» օրենքը։ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ չնայած արդեն իրակացրած լուրջ աշխատանքին՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» օրենքում ժամկետի հետ կապված որոշակի թերացում կա:
Լուսինե Ավետիսյան - Բայց արվում է ամեն ինչ, որ հնարավորինս բացառենք ժամկետների հետ կապված խախտումները։
Կլիմայի փոփոխության համաժողովից հետո բնապահպանության ոլորտում Հայաստանը տասնյակ զարգացող ու զարգացած երկրների հետ փորձի փոխանակման համաձայնություն է ձեռք բերել. աշխարհն ու Հայաստանը էկոլոգիապես ավելի կանխատեսելի դարձնելու աշխատանքները շարունակվում են։
Հեղինակ՝ Անի Օհանյան