ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած նպատակային օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության ու համադրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ ՀՀ-ում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99,635,200 և 131,179,315 ՀՀ դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0,28 հա հողատարածքով և 9766,2 քմ մակերեսով արտադրամասն իր 1,28 հա հողատարածքով:
Նշված կազմակերպության համահիմնադիրները, նախնական համաձայնության գալով վերոնշյալ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տնտեսվարող կազմակերպության աշխատակիցների հետ, օգտագործելով հիշյալ կազմակերպությունում իրենց հեղինակությունը, կառավարման մարմինների հետ ունեցած հարաբերությունները, չարաշահել են նրանց վստահությունը և, ազդելով նրանց գիտակցության վրա, մոլորեցնելու եղանակով համաձայնություն են ստացել վերջիններից իրենց կողմից ձեռք բերված անշարժ գույքն իրենց ցանկալի արժեքով այդ կազմակերպությանը վաճառելու վերաբերյալ: Այնուհետև, կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99,635,200 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը 165,260,400 ՀՀ դրամով, իսկ 131,179,315-ը՝ 398,739,600 ՀՀ դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդ կերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334,185,485 ՀՀ դրամը:
Միաժամանակ, նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017 թվականին Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման և համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ շինությունները և դրանք տեղափոխել այլ վայր:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: