Դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24230 քաղաքացու հետազոտություն, որից 4068-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արձանագրվել է 3 մահվան դեպք.
80-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:
56-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, անեմիա 4-րդ աստիճանի:
88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, տարիքային կախեքսիա, պոլիօրգան անբավարարություն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: