Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։
Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ-ը վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:
Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը։