Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։
Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները կարևորել են նաև կրթական ոլորտում համագործակցության խորացումը։
Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում Արարատ Միրզոյանը և Էվա-Մարիա Լիիմեթսը կարևորել են հունիսին Հայաստանում անցկացված ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ։ Այդ առումով ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները։
Երկու երկրների ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախաձահության շրջանակներում:
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով միջազգային գործընկերների հասցեական արձագանքը՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: