Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվել, ապա կարճ ժամանակ անց հետաձգվել է «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նիստը հետաձգվել է՝ գործով ամբաստանյալներից մեկի և պաշտպանների բացակայության պատճառով: Քրեական գործը առնչվում է Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությանը:
Ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը, ղեկավարելով «Սթոնս» ընկերությունը, այդ ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի, նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի հետ կազմակերպել է՝ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ տրամադրելու միջոցով «Սինո-հիդրո» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից խոշոր չափի հարկերից խուսափելուն օժանդակելը: Հանցավոր սխեմայի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 2.7 մլրդ դրամ վնաս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան