Առաջիկայում կվերանորոգվի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի հին մասնաշենքը՝ Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով: Էջմիածնի համայնքապետարանը որոնում է համագործակցության ուղիներ՝ ներգրավելով նաև արտաքին ռեսուրսը:
Այս նպատակով, Էջմիածնի համայնքապետարանը սույն թվականի հունիսին դիմել էր դրամաշնորհային աջակցության՝ Մարդկային անվտանգության Grassroots ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստորագրվել է ավելի քան 90 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային աջակցության հուշագիր:
Տրամադրված միջոցներով նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, խոհանոցը, պատշգամբները և սանհանգույցը: Ծրագրի արդյունքում ավելի քան 300 սաներ և աշխատակիցներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից, ինչպես նաև կբացվի 30 երեխայի համար նախատեսված հավելյալ խումբ, ինչի շնորհիվ կթեթևանա մանկապարտեզի ընդունելության սպասող երեխաների հերթը:
Նոր խմբասենյակն իր հերթին կստեղծի երկու նոր աշխատատեղ: