ՌԴ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԸ ԼՂ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ռուսաստանն առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ Դաշնության խորհրդում:
«Մեր ուշադրության կենտրոնում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում, Եմենում առկա ճգնաժամերի կարգավորման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ թեժ կետերի շուրջ տարվող աշխատանքներում:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԺՈՎ ՑՐԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽԱՂԱՂ ԱԿՑԻԱՆ
Ադրբեջանի ոստիկանությունն ուժով ցրել է Բաքվի կենտրոնում անցկացվող խաղաղ ակցիան․ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Սալեհ Ռուստամովին, որն արդեն 27 օր հացադուլ է անում: Դեռ ակցիայի մեկնարկից առաջ ձերբակալվել են ցույցի կազմակերպիչները, այնուհետև ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակցիայի մյուս մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 20-25 մարդ, ոստիկանությունում նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության աջակից Սալեհ Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է: 2018 թվականին նա վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ձերբակալել են և դատապարտել 7 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ապօրինի ֆինանսավորման» մեղադրանքով։ Իրավապաշտպանները Սալեհին քաղբանտարկյալ են ճանաչել։
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են սևծովյան տարածաշրջանում և ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև իրավիճակին Հայաստանում, Ադրբեջանում և Աֆղանստանում։
ԻՐԱՆ-ԱՖՂԱՆՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանցի սահմանապահների և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ բախումները դադարեցվել են՝ երկու կողմերի շփումների արդյունքում։ Իրանական կողմի տվյալով՝ թալիբները կրակ են բացել չեզոք գոտի անցած իրանցի ֆերմերների ուղղությամբ՝ սխալմամբ ենթադրելով, թե նրանք հատել են սահմանագիծը։ Թեհրանը հերքել է նաև իրանական մի քանի անցակետի՝ թալիբների վերահսկողության տակ անցնելու մասին լուրերը։
Աֆղանստանում իշխանություն հաստատած «Թալիբան» շարժումը նույնպես հաստատել է աֆղանա-իրանական սահմանին զինված բախումների դադարեցումը։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ժամանակավոր նախարարների կաբինետում տեղեկատվության և մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին։ Բախման պատճառներին «Թալիբանի» ներկայացուցիչը չի անդրադարձել։
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՕՄԻԿՐՈՆՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Երեկ Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխանցմամբ՝ վարակվածը Կալիֆորնիա է վերադարձել Հարավային Աֆրիկայից: Վերադարձից մեկ շաբաթ անց նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամը:
Օմիկրոնի տարածման ֆոնին ԱՄՆ-ում քննարկվում է չվերթերի սահմանափակման հնարավորությունը․ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
«Մենք մտադիր ենք քննարկել, թե արդյոք կա՞ նոր սահմանափակումների կարիք։ Չվերթերի սահմանափակումը մեր մասնագետներին ավելի շատ ժամանակ կտա՝ հետազոտելու նոր շտամը, որի մասին դեռևս քիչ բան է հայտնի»,- ասել է Փսակին։