ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում են անցկացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարներն անդրադարձել են իրադրությանը Կովկասում, և Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ուղղակի երկխոսության վերսկսումը:
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ կողմերի հանդիպման առանցքում եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը:
Միևնույն ժամանակ հանդիպման վերաբերյալ ՌԴ հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային լայն օրակարգի, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների արդիական հարցերի վերաբերյալ:
«Հատուկ ուշադրություն է դարձվել ներուկրաինական հակամարտությանը: Տեղի է ունեցել նաև դիրքորոշումների հստակեցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում: