Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը ներկայացրել են Global Gateway նախագիծը, որը ենթադրում է թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում խելացի, մաքուր և անվտանգ կապերի զարգացման, առողջապահության, կրթության և գիտական հետազոտությունների համակարգերի ամրապնդման եվրոպական նոր ռազմավարություն: Այդ մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում:
Նախագիծը ենթադրում է ամբողջ աշխարհում մինչև 2027 թ. 300 միլիարդ եվրոյի (կամ 340 միլիարդ դոլարի) ներդրում ենթակառուցվածքային, թվային և կլիմայական նախագծերում: Այն պետք է ամրապնդի Եվրոպայում մատակարարման շղթաները, ընդլայնի ԵՄ-ի հետ առևտուրը, կենտրոնանա թվայնացման, առողջապահության, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների, ինչպես նաև կրթության և հետազոտությունների վրա:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Global Gateway-ի ենթակառուցվածքային նախագծերից տեղական համայնքներն օգուտներ կքաղեն, մասնավոր հատվածը ևս ներգրավված կլինի այդ նախագծերին:
Դրամաշնորհների, փոխառությունների և երաշխիքների տեսքով գումարներ կուղղվեն ԵՄ հիմնարկներից, կառավարություններից, ինչպես նաև ԵՄ ֆինանսական հաստատություններից ու զարգացման ազգային բանկերից:
ԵՄ ծրագիրը կկենտրոնանա ֆիզիկական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքների և էլեկտրահաղորդման գծերի:
Եվրոպական այս նախագիծը, ըստ էության, հանդիսանում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանք: