ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ պատվաստումների հետ կապված մեր հանրության ընկալման մեջ շեշտակի փոփոխություն կա:
Նրա խոսքով՝ շաբաթվա օրերին 20 հազարից ավելի պատվաստում է իրականացվում:
«Մենք ամեն ինչ անում ենք հընթացս բարելավելու այս ցուցանիշները. մենք արդեն և՛ առաջին, և՛ երկրորդ պատվաստման մասով վերջին մեկ-երկու ամիսներին բավական առաջ ենք գնացել: Երբ քաղաքացին տեսնում է՝ իր աշխատակիցները, բարեկամները և այլ անձինք պատվաստվել են, և փոփոխություններ չեն լինում, շատ ավելի ակտիվ կերպով դիմում են պատվաստման»,- ասաց Ավանեսյանը:
Նա կարևորեց քրոնիկ հիվանդություններ ունեցող և 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստվելը:
«Պետք է նշեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տոկոսային առումով կրկնապատկվել են 65-ից բարձր տարիքային շեմի քաղաքացիների պատվաստումները, ինչը շատ կարևոր է, և շարունակվելու է այս ընթացքը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը: