Դռան այս ձայնին տիկին Ռիման սպասում է արդեն 15 տարի: Կաթվածի պատճառով առաջին կարգի հաշմանդամություն ունեցող կինը հենաշարժողական խնդիրներ ունի: 86-ամյա կնոջ խնամքը երեք տարի Ռիմա Օրդինյանն է կատարում:
Ռիմա Օրդինյան («Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակից) - Օրը երեք հասցե եմ գնում, կան հասցեներ, որ շաբաթը երկու անգամ եմ այցելում, մտնում եմ տվյալ հասցե, ոնց որ իր օգնականը լինեմ:
Այսպես՝ ամեն օր, օրվա մեջ մի քանի այցելություն տարբեր հասցեներ՝ խնամքի կարիք ունեցող տարեցներին և 18-ից բարձր հաշմանդամություն ունեցողներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցությամբ 2020-ից մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Առաքելություն Հայաստանը», դրամաշնորհային ծրագրով ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում խնամքի ծառայություն են մատուցում:
Աննա Գրիգորյան («Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար) - Շահառուի տնային պայմաններում խնամք, որից 1100-ը՝ Երևանում, 700-ը՝ մարզերում: Նաև ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական ծառայություններ: Սրանք ավելի ակտիվ երկարակեցության ծրագրեր են:
Որ ցերեկային կենտրոններում ու տնային պայմաններում տարեցների, հաշմանդամություն ունեցողների խնամքը չընդհատվի, սոցապնախարարությունը 2022-ի համար դրամաշնորհային հայտերի մրցույթ է հայտարարել: Կարող են դիմել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները:
Անահիտ Գևորգյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ) - Մենք այս պահին ունենք 5 դրամաշնորհ տարեցների համար: Տնային խնամք տարեցներին, ցերեկային խնամք տարեցներին, անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամք, շուրջօրյա խնամքի ծառայություններ մարզերում:
Նախարարությունը դրամաշնորհները տրամադրում է շահառուների քանակով, այսինքն՝ թե տվյալ կազմակերպությունը մեկ տարվա ընթացքում քանի տարեցի և հաշմանդամություն ունեցողի կարող է սպասարկել:
Ոչ միայն բնակարանի ներսում, այլև դրսում՝ կարիքներն են հոգում սոցիալական աշխատողները՝ սայլակ կամ քայլակ ստանում, բերում կամ փաստաթղթերի ու անձնագրի հարց լուծում:
«Առաքելություն Հայաստանից» Նարինե Չախոյանը նույն առաքելությամբ արդեն 20 տարի մեծ սիրով տարեցների և հաշմանդամություն ունեցողների խնդիրներն է լսում, օգնում դրանք հաղթահարել: