ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021 թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համապատասխան պահանջները, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել իր երթևեկությանը համընթաց քայլող վեցամյա աղջկան՝ անզգուշությամբ պատճառ հանդիսանալով նրա մահվան համար:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: