Սևանի բնապահպանական խնդիրները շատ են, ուսումնասիրությունների համար՝ ջրի որակի ու բաղադրության լաբորատոր տվյալները՝ քիչ։ Եղածն էլ ստույգ չես անվանի, քանի որ սարքերը, որով չափումներ են արվում, հաճախ հին են՝ բողոքում է լճաբան Կարապետը։
Կարապետ Գազանճեան (ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Պոնտոս» ծրագրի հետազոտող) - Ունենք չափագրումներ Սևանի մեջ, որ ստացվում են ամիսը մեկ անգամ, տարին 7-8 անգամ, բայց էդ երբեք բավարար չէ․․․
Հետազոտողներին անհրաժեշտ ցուցանիշների բացը նախորդ ամռանից սկսել են լրացնել տիեզերական սարքերը։ Եվրամիության արբանյակային դիտարկման «Կոպեռնիկուս» համակարգից ստացած պատկերներով հնարավոր է լինում վերականգնել-հասկանալ 5, 10, նույնիսկ 30 տարի առաջվա էկոլոգիական վիճակը։ Նման հնարավորություն Հայաստանը ստացել է Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության Պոնտոս ծրագրով։ Ընդհանուր բյուջեն մոտ 1 մլն եվրո է։ Իրականացնողը՝ Բնապահպանության տեսչությունն ու առաջին անգամ ղեկավար գործընկեր ճանաչված Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը։
Աղավնի Հարությունյան (ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Պոնտոս» ծրագրի ղեկավար) - ծրագիրն իրականացվում է 6 գործընկեր կազմ կողմից 4 երկրում, ղեկավար գործընկերը՝ Ամերիկայն համալսարանն է, ունենք գործընկեր Վրաստանից, Ուկրաինայից և Հունաստանից։
Բոլոր 4 պետությունների ուսումնասիրվող տարածքներն էլ․․․ էկոլոգիապես խոցելի են․ հարևան Վրաստանը, օրինակ, մոնիթորինգի տակ է վերցրել Սև ծովի լողափնյա հատվածն ու ծանր կոռոզիայի ենթարկվող Կոլխեթիի ազգային պարկը։ Մեր դեպքում՝ թիրախը Սևանն է, իր ջրհավաք ավազանով ու կապտա-կանաչ ջրիմուռներով։ Ցիանո-բակտերիների վարքն ուսումնասիրելու համար հետազոտվում են ջրի մեջ քլորոֆիլ-Ա-ի պարունակությունից մինչև Սևանում փտող ծառերից, հարակից բնակավայրերի կոյուղային թափոններից, նաև՝ հողը թունաիմիկատով մշակելուց, անասնապահությունում էլ՝ գոմաղբից գոյացող վնասակար նյութերի քանակ ու ջրի ջերմաստիճան։
Կարապետ Գազանճեան - կլիմայի փոփոխություններով ջրի ջերմաստիճանը բարձրանում է, էս կոմպոնենտը մենք կոնտրոլ չունենք, բայց կարանք մեր սնունդի փոփոխություն անել էդ ձևով կարանք ջրիմուռների ծագումը դադարեցնել․․․երբ ազոտ-ֆոսֆորի պարունակությունը բարձր լինի, էս ջրիմուռները իրենց սնունդն ունեն ու աճում են․․․
Սևանի խնդիրներով զբաղվողներին «Պոնտոս» ծրագրի հնարավորությունները ներկայացնելու համար՝ բոլորովին վերջերս եռօրյա դասընթաց է կազմակերպվել մասնագետների համար։ Այս ընթացքում արբանյակից մշակված տվյալների հիման վրա՝ սկսվել է նաև բաց և անվճար շտեմարանի կազմումը։ Պլատֆորմի միջոցով հետազոտողը կարող է համակարգից ստանալ․․․ փոքր Սևանում ջրի պղտորության, թափանցելիության մակարդակը ասենք 2018 թվականի մայիսի դրությամբ։
էստեղ տեսնում ենք, որ կախված մասնիկների ծավալը բավականին բարձր է, մյուս գոտիների համեմատ․․․
Մասնագետներն այժմ արբանյակային պատկերները համեմատում են ձեռքի տակ եղած չափագրումների ցուցանիշների հետ, որ «Պոնտոսի» մասնակից բոլոր պետությունների համար վերջնական ճշգրտեն բնապահպանական ալգորիթմները։ Ծրագրի ղեկավարը վստահեցնում է․ մեր երկրի օգտագործողներն այն հայերենով, ամբողջական տեսքով կունենան 6-7 ամսից։
Աղավնի Հարությունյան - Նախատեսում ենք հաջորդ տարվա կեսին արդեն պլատֆորմը պատրաստ ունենալ, որը նախատեսված է 5 հետազոտությունների համար․․․
Ծրագրի առավելությունը՝ արբանյակային բարդ պատկերնեն արդեն մշակված, հասկանալի ներկայացնելն է, որ՝ Սևանի մասին մինչև հիմա պակաս ինֆորմացիան մի քանի քլիքով ունենան ինչպես բնապահպան գիտնականներն, այնպես էլ էկո-ակտիվիստները։