44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական բարդ և բազմակողմ օրակարգի գրեթե յուրաքանչյուր հարց դիտարկվում է ռուսական միջնորդության համատեքստում. քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ սա հատկապես վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Մոսկվան, երկրի ղեկավարի մակարդակով, դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ անհրաժեշտ քարտեզները Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում են: Իսկանդարյանի կարծիքով՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումով փաստացի ամրագրվեց՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում այլ ուժերի մասնակցության անհրաժեշտություն չկա:
Ալեքսանդր Իսկանդարյան (քաղաքագետ) - Գոյություն ունեն շատ խնդիրներ: Ադրբեջանը մի բան է ուզում, մենք՝ ուրիշ: Շահերը տարբեր են, և որոշ դեպքերում անհրաժեշտ է ոչ միայն ուղղակի միջնորդություն, այլև՝ որ այս կամ այն իրավիճակը հանգուցալուծելու տարբերակ առաջարկվի, իսկ դա կարող է անել միայն Ռուսաստանը, քանի որ միայն Մոսկվան բավարար գործիքակազմ ունի:
Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել էին հայտարարություն, պարտավորվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այդ գործընթացը կարող է անորոշ ժամանակով ձգձգվել: Եվ պետք չէ սպասել, որ հանձնաժողովը կձևավորվի տեսանելի ապագայում՝ նկատում է Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկ բուն սահմանի գծման համար կարող են տարիներ պահանջվել:
Ալեքսանդր Իսկանդարյան - Հարավային Կովկասում, բացի նախկին Խորհրդային Միության արտաքին սահմաններից, չկա որևէ ամբողջական գծած սահման: Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման գործընթացն իրականացվել է երկու-երրորդով: Վրաստանի և Ադրբեջանի միջև կան սահմանային լուրջ տարաձայնություններ: Դա բարդ և երկար գործընթաց է:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ի տարբերություն սահմանազատման և սահմանագծման գործընթացի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները դուրս են Մոսկվա-Երևան-Բաքու ձևաչափից՝ ընդգծում եմ քաղաքագետները: Հայաստանի ղեկավարությունը պատերազմից հետո մշտապես հայտարարել է, որ կարգավորումը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում, և այս տարբերակի հետ փաստացիորեն համաձայն են բոլոր կողմերը՝ ներառյալ Ռուսաստանը, նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ընդգծում՝ այդ իսկ պատճառով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից որևէ զգալի առաջընթաց ակնկալել պետք չէ:
Հակոբ Բադալյան (քաղաքական մեկնաբան) - Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելը որևէ պատրասնք չունի, քանի որ բուն հարցերը Արցախյան խնդրի հետ կապված, հայ-ադրբեջանական խնդրի հետ, եղել են Ռուսաստան, համանախագահներ տիրույթում: Բրյուսելը մի փորձ է որևէ քայլ առաջ անելու իմաստով, վարչապետը հայտարարեց մարդասիրական օրակարգի գերակայության մասին: Եթե ինչ-որ բան ստացվի, լավ կլինի բոլորի համար, եթե չէ՝ բան չեն կորցնի: Շարունակական գործընթացը լինելու է Մինսկի խմբի շրջանակում»:
Երեկ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովում Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը: Շառլ Միշելի խոսքով՝ միայն քաղաքական երկխոսությունը կարող է կայուն կարգավորման հանգեցնել: Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն: Եվրապաշտոնյան վստահեցրել է՝ Եվրոպական խորհուրդը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։