2021 թվականի հուլիսի 7-ից Երևանում ծառայության դուրս եկան պարեկները։ Նրանք փոխարինելու եկան ճանապարհային ոստիկաններին ու պարեկապահակետայիններին։
Պարեկների ծառայության առաջին օրվանից սկսած՝ հնչում էին թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքներ։ Իսկ երբ արդեն անցել է որոշ ժամանակ, կարելի է վերլուծել, համեմատություններ անել ու կարծիք կազմել վերջերս կազմավորված ծառայության մասին։
Սկսենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայությունից։
Հուլիսի 7-ից նոյեմբերի 28-ը պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 54 291 արձանագրություն, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում կազմվել էր 36186-ը։ Տարբեր խախտումների համար պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4000 տրանսպորտային միջոց, նախորդ տարի՝ 2786։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել է 1413 արձանագրություն՝ նախորդ տարվա 510-ի դիմաց, հաշվառման համարանիշերի հետ կապված՝ 2562, նախորդ տարվա 813-ի դիմաց, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար՝ 3238, նախորդ տարվա 844-ի դիմաց, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար՝ 4713, իսկ նախորդ տարի՝ 519։ Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ մի քանի անգամ գերազանցում են նաև գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու, երկրորդ շարքում և մայթի վրա կայանելու, մգեցված դիմապակիով վարելու համար արձանագրությունները։ Կարևոր է նաև նշել, որ նույն ժամանակահատվածում հետիոտնի կողմից ոչ սահմանված տեղով փողոցը հատելու համար կազմել է 1474 արձանագրություն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս իրավախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չէր կազմվել։
Հուլիսի 7-ից նոյեմբերի 28-ը պարեկները բացահայտել են հանցագործության 346 դեպք, հայտնաբերել են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով 34 հետախուզվողի, տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերել 577 անձի։
Պարեկային ծառայությունում բացառված է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Հուլիսի 7-ից մինչ օրս պարեկները կաշառք առաջարկելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ են բերման ենթարկել մի քանի անձի, ինչից հետո փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր ու սկսվել է քրեաիրավական գործընթաց։
Սրան զուգահեռ՝ պարեկները առավոտյան և երեկոյան ժամերին մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում ու փողոցներում իրականացնում են հատուկ ծառայություն՝ խցանումներ թույլ չտալու համար։
Բոլոր պարեկները վերապատրաստված են նաև անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցույց տալու համար։ Այս ամիսների ընթացքում նրանք բազմաթիվ քաղաքացիների տրամադրել են առաջին օգնություն՝ մինչ շտապօգնության հասնելը։
Իրավախախտումներ հայտնաբերելու, հանցագործությունները կանխելու ու բացահայտելու նպատակով ծառայության մի քանի ամսում պարեկները մայրաքաղաքում բազմիցս իրականացրել են նաև ուժեղացված ծառայություններ, որոնք կրում են շարունակական բնույթ։
Ներկայացվածը պարեկային ծառայության շուրջ 4 ամսվա աշխատանքի համառոտ նկարագիրն էր։ Խոսուն են թվերն ու վիճակագրությունը։