Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկել տրանսպորտը: Մասնագետների ստուգայցն այսօր Երևանի Կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում էր:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Արդեն երկու ամսից ավելի է՝ մենք ուժեղացված վերահսկողություն ենք իրականացնում: Ես միանշանակ կարող եմ ասել, որ ստուգայցերի շնորհիվ է, որ ուղևորները, վարորդները դիմակներ են կրում, սակայն միևնույն ժամանակ ունենք նաև խախտումներ, որոնց շուտ արձագանքում ենք, կազմում ենք համապատասխան արձանագրություններ և տալիս պարտադիր կատարման ցուցում:
Տեսչականի մասնագետների հակահամաճարակային ստուգումներին զուգահեռ՝ պարեկներն էլ վարորդական փաստաթղթերը ստուգեցին, հարկ եղած դեպքում արձանագրություն կազմեցին: Ճանապարհային ոստիկանների խոսքով՝ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ արդեն հիմնականում ապահովում են անհրաժեշտ փաստաթղթերը:
Սերյոժա Վարդանյան (պարեկ) - Բժշկի ստուգման թուղթը պետք է լինի, մեկ էլ՝ մեխանիկի, որ մեքենան իրավունք ունի դուրս գալու, վարորդը, որ բուժզննում անցած է, մեկ էլ վարորդական կետերը, որ համապատասխան ձևի լինեն:
Տեսուչները հորդորում են գերբեռնված չերթևեկել, ուղևորներն էլ բարկանում, պահանջում են ավտոբուսների քանակը ավելացնել: Ստիպված են կանգնած երթևեկում, որ աշխատանքից չուշանան: Մասնագետները վստահեցնում են՝ խնդիրը և՛ իրենց, և՛ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, բայց դա չի նշանակում, որ վիրուսի գոյությունը պետք է մոռանալ:
Հակոբ Բաղդասարյան - Ուղևորները դժգոհում են, բնական է, որ դժգոհում են, բայց կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ներմուծվող ավելի մեծ տարողունակությամբ տրանսպորտային միջոցները, որոնք շուտով ներդրվելու են համակարգում, տվյալ խնդիրը կլուծեն:
Տեսչական մարմինն այսօրվա մշտադիտարկման ավարտին արձանագրեց՝ 3 միկրոավտոբուսի վարորդ նախազգուշացվել են՝ գերբեռնված երթևեկելու համար, ևս 3 ավտոբուսի վարորդ էլ՝ դիմակ չդնելու: