Հունվարի 1-ից նախատեսվող նոր սահմանափակումները թե ինչպես կկիրառվեն՝ դեռ հայտնի չէ, կարգավորումները մշակման փուլում են: Վերահսկող օղակներից՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն էլ առայժմ դժվարանում է հստակեցնել, թե ինչպես են ստուգելու, որ հանրային վայրեր մուտք գործող քաղաքացիները կա՛մ պատվաստված լինեն, կա՛մ ՊՇՌ թեսթի բացասական պատասխան ունենան:
Արթուր Ասոյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) - Հիմա չեմ ուզում խոսեմ, երբ պատրաստ կլինի՝ կհրապարակվի, ու բոլորը կծանոթանան, ու ողջամիտ ժամանակ կունենանք դրան նախապատրաստվելու համար:
Ասոյանի կարծիքով, սակայն, պահանջների պահպանումն առաջին հերթին կախված է տնտեսվարողի բարեխղճությունից, ինչպես, օրինակ, դիմակների դեպքում է: Տեսուչներն ու ոստիկանությունը ինչ-որ պահի, ինչ-որ վայրում ստուգում են, բայց նրանց գնալուց հետո հարցն արդեն քաղաքացու անձնական պատասխանատվությանն է թողնվում:
Արթուր Ասոյան - Սուպերմարկետից՝ դպրոց, մանկապարտեզից՝ բանկ, կոշիկի արտադրամասից մինչև պետական կառույցներ: Տեսչականներն օրական կտրվածքով 300 ստուգայց են իրականացնում՝ ասում է Ասոյանը: Մասնավոր ընկերություններում կանոնները հիմնականում պահվում են, պետականներից էլ, որպես օրինակելի կառույց, Ասոյանը Պետական եկամուտերի կոմիտեի անունն է նշում: Իսկ ահա խախտումներ կառավարական երրորդ մասնաշենքում են արձանագրել:
Արթուր Ասոյան - Կային, բայց շտկել էին, հոկտեմբերի 1-ի դրությամբ էր, բայց ուղղել են:
Պատասխանատվության ենթարկելու, վարչական տույժ կիրառելու լիազորություն տեսչականներն ունեն միայն տնտեսվարողների նկատմամբ՝ հիշեցնում է Արթուր Ասոյանն ու արձանագրում՝ գործատուների գերակշիռ մասը հիմա էլ պարտաճանաչ պահպանում է աշխատողից պատվաստման վկայական ստանալու կամ ՊՇՌ թեսթի բացասական պատասխան ներկայացնելու՝ հոկտեմբերից գործող պահանջը: