«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ՝ արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
Հետագծելիությունն ապահովելու նպատակով նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խոր սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:
Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն
ահազանգ էր ստացել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ: