ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։
Նախագծում սահմանվում են դասագրքի նկատմամբ պետության ընդհանրական պահանջները.
-
դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը.
-
դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ.
-
դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին.
-
դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը.
-
դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից: Դասագրքում պետք է կիրառվեն պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ.
-
դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ միջոցներ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից:
Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝
-
176 էջը (11 մամուլ) տարրական և միջին դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար.
-
144 էջը (9 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառների համար.
-
192 էջը (12 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար.
-
160 էջը (10 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառների համար։
Թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ դասագրքեր
Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը կունենա իր թվայնացված տարբերակը, որը ձեռք կբերվի դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից: Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակությունը։
Դասագրքի օգտագործման ժամկետներ
Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում) տարրական դասարաններում առնվազն 3 տարի է, միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի: Էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետն առնվազն 7 տարի է:
Դասագրքերի ստեղծման մրցույթ և գնահատում
Ըստ նոր կարգի նախագծի` դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։
Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը, որն իրականացվելու է 3 փուլով` համապատասխանության փուլ, բովանդակային գնահատման փուլ և վարկանիշային գնահատման փուլ:
Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության
գնահատող հանձնաժողովների կազմավորման նպատակով նախատեսվում է ձևավորել սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան, որտեղից էլ համակարգչային ծրագրի միջոցով կընտրվեն գնահատողները: Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները.
-
տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ,
-
մանկավարժ-մեթոդիստ,
-
մանկավարժ-հոգեբան,
-
հայոց լեզվի մասնագետ,
-
նկարիչ-ձևավորող,
-
բժիշկ-հիգիենիստ։
Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։ Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ՝ ուղղակի ձևով դասագրքի ստեղծմանը մասնակից:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է բովանդակային և շահագրգիռ առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել ինչպես e-draft.am հարթակում, այնպես էլ ԿԳՄՍ նախարարություն` համապատասխան գրությամբ: