Միացյալ Նահանգներում «սև ուրբաթից» առաջ խանութների մուտքերը երբեմն մեկ շաբաթ առաջ են պաշարում: Նյույորքյան սովորական խանութ է, գնումների եռուզեռն ու դրան հաջորդող հրմշտոցը դեռ չի սկսվել: Չնայած տևական տնտեսական ճգնաժամին՝ վենեսուելացիները գնումներով հետ չեն մնում ամերիկացիներից: Գանձապահը հազիվ է հասցնում հաշվել գումարը:
Սա արդեն Մեխիկոն է. տեխնիկայի խանութ, մեքսիկացիները տանում են ինչ հասցնեն:
Երևանյան էլեկտրատեխնիկայի խանութներում գնումները «սև ուրբաթին» ևս ակտիվ են եղել, հաճախորդների պակաս չի զգացվել:
Ինեսա Պետրոսյան (տեխնիկայի խանութի վաճառող) - Այս «սև ուրբաթին» հոսքը ավելի մեծ էր, քան մնացած օրերին: Հիմնականում գնումներ էին կատարում տարբեր բաժիններից՝ սկսած մանր տեխնիկական իրերից մինչև հեռուստացույց, սառնարան, սառցարան, սպասք լվացող մեքենա և այլն:
Ամենաաշխույժ առևտուրն այդ օրը Հայաստանում հիմնականում մոլերում է եղել. ցուցանիշները մոտ են 2019-ին: Ամենավաճառված ապրանքների շարքում, բնականաբար, հագուստն է:
Մարինե Գանջալյան (հագուստի սրահի ղեկավար) - Խանութ-սրահում ակտիվությունը սպասվածից մի փոքր քիչ էր: Շեշտը դրված էր սեզոնային տեսականու վրա՝ կլիներ կուրտկա, սվիտերներ, վերարկուներ, բայց վաճառք ենք ունեցել նաև ոչ սեզոնային ապրանքներից, որոնց վրա գործում էր զեղչ:
Ռիմա Արմենակյան (հագուստի խանութի մենեջեր) - Քաղաքացիների այցը մեծ էր, սպասվածից մի փոքր քիչ, իհարկե: Գնիջեցումները մինչև 50 տոկոս ունեինք, քաղաքացիները գոհ էին, մենք նույնպես, ինչ խոսք:
«Սև ուրբաթին» քաղաքացիները նաև զեղչից օգտվելով՝ գրախանութներից են ակտիվ գնումներ կատարել: Այս վաճառակետում, մենեջերի խոսքով, ամենավաճառված գիրքը այդ օրը ամերիկացի գրող Էլիզաբեթ Գիլբերտի «Կեր, աղոթիր, սիրիր» բեսթսելլերն է եղել:
Արամ Գևորգյան (գրախանութի մենեջեր) - Հիմնական եռուզեռային հատվածները մանկական հատվածն է, բայց կարելի է ասել՝ բոլոր հատվածներից գնումներ եղան՝ անգլերեն գեղարվեստական, անգլերեն ոչ գեղարվեստական:
Չեն դժգոհում նաև դիզայներական իրերի վաճառքով զբաղվող խանութները. նույնիսկ մեծ զեղչերը բավականին մեծ շահույթ են ապահովել:
Հայկուհի Մանուչարյան (դիզայներական խանութի վաճառող) - Հաճախորդները հիմնականում շատ մեծ, բուռն տպավորություններով գալիս էին մեզ մոտ, հիմնականում էստեղ տիրում էր տոնական մթնոլորտ, քանի որ արդեն եղևնիներ, տոնածառի խաղալիքներ ունենք:
«Լուրեր»-ին ՊԵԿ-ից հայտնեցին, որ Հայաստանում այս «սև ուրբաթին» ՀԴՄ կտրոններով առևտրի ծավալը կազմել է ավելի քան 8 մլրդ 520 մլն դրամ, տպվել է շուրջ 1 մլն 485 հազար հատ կտրոն: Առևտրի ծավալը 2020-ի «սև ուրբաթի» համեմատ ավելի է՝ 23.4, իսկ ՀԴՄ-ներինը՝ 11 տոկոսով, 2019-ի սև ուրբաթի համեմատ տպագրված ՀԴՄ-ներն աճել են 4.6 տոկոսով, սակայն առևտրի ծավալը նվազել է 1 տոկոսով: Շատ խանութներում զեղչերը դեռ շարունակվում են, «սև ուրբաթին» հաջորդող օրերի գնումների, կիբեռերկուշաբթիի տվյալները խանութները դեռ կամփոփեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան