44-oրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեկտեմբերի 1-ին կազմակերպվել էր կարծիքների փոխանակում: Եվրախորհրդարանի պատգամավորներն ու նիստի մասնակիցները հակամարտության երկարատև լուծման իրենց տեսլականն են ներկայացրել ու մատնանշել առկա խնդիրները:
Մասնակիցների՝ Բաքվին հասցեագրված քննադատական ելույթներում հստակ ընդգծվում էր, որ ադրբեջանական կողմը փորձում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը դուրս մղել բանակցային օրակարգից:
Մարինա Կալյուրանդ (Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար) - Ես նոր միտում եմ տեսնում. Ադրբեջանը հրաժարվում է օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի հարցը, փոխարենը նա առաջին պլան է բերում Հայաստանի հետ դիմակայությունը: Այս միտումը անչափ անհանգստացնող է: Իրավիճակը հանգստացնելու փոխարեն՝ չեն դադարում մեղադրանքները, հատկապես ադրբեջանական կողմը շարունակում է իր որդեգրած հռետորաբանությունը: Կան փոքր թվացող քայլեր, որոնք այս համատեքստում բնավ աննշան չեն. օրինակ՝ այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում: Հաջորդ հարցը ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրն է. ցավոք Ադրբեջանը դեռ շարունակում է գերեվարել հայերի:
Ռազմագերիների խնդիրը բարձրացրել է նաև պատգամավոր Բեռնար Գետտան՝ ընդգծելով, որ հումանիտար հարցերն անտեսելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Բեռնար Գետտա (Եվրախորհրդարանի պատգամավոր (Ֆրանսիա)) - Ես մի մտավախություն ունեմ, որ հակամարտության շուրջ պտտվող այս բոլոր քննարկումների ժամանակ, մենք քիչ տեղ ենք հատկացնում ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Մենք պետք է կենտրոնանանք հենց ռազմագերիների խնդիրը հանրավորինս արագ լուծելու վրա: Պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն՝ դիմելու կողմերին և պահանջելու կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր ստանձնած հանձնառության մասին է հիշեցրել ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրենը: Խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի մասին՝ Լյուկ Դևինն ընդգծել է, որ փաստաթղթում միջանցքի մասին որևէ հիշատակում չկա: Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հասնելու երկարատև խաղաղության տարածաշրջանում:
Լյուկ Դևին (ԵՄ արտաքին քաղաքական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն) - ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային ֆորմատ է, որի շրջանակում պետք է լուծվի հակամարտությունը. ու չնայած, որ Ադրբեջանը պնդում է, թե հակամարտությունը լուծված է, վերջին բախումները ցույց տվեցին հակառակը: Ողջունում եմ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումները Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Դևինը նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում:
Հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին և կարևորվել է անվտանգության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Պետրաս Աուստրեվիչիուս (Եվրախորհրդարանի պատգամավոր (Լիտվա)) - Մենք պետք է խոսենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին անվտանգության մեխանիզմների մասին։ Այնտեղ ոչ մի անվտանգության մեխանիզմ չկա։ Եթե մենք լուրջ ենք տրամադրված և հավատում ենք իմաստալից արտաքին քաղաքականությանը, ապա մենք պետք է մտածենք մեր ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին:
Եվրախորհրդարանի պատգամավոր Միկ Ուալլեսն ուշադրություն է հրավիրել հակամարտության գործում Թուրքիայի ներգրավվածության թեմային. դիմելով եվրապատգամավորներին՝ նա հարցրել է՝ արդյոք մինչև օրս պատերազում ներգրավվելու հարցով Բրյուսելը քննարկումներ ունեցել է Անկարայի հետ՝ «Վստահորեն Թուրքիան լուրջ դեր է խաղացել հակամարտության դաշտում, դա բոլորը գիտեն»՝ եզրափակել է պատգամավորը: