Դոնբասում տիրող իրավիճակը վերջին օրերին ավելի սուր երանգ է ստացել: Պաշտոնական Մոսկվան այսօր ահազանգ հնչեցրել՝ Կիևն այնտեղ է տեղափոխել 125 հազար զինծառայող և սպա՝ ուկրաինական բանակի անձնակազմի կեսը՝ վստահեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոսկվային անհանգստացնում է խնդրի խաղաղ կարգավորումից Կիևի փաստացի հրաժարումը՝ հավելել է նա:
Ուղղակի բանակցություն՝ Կիևի պահանջն է: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ պատերազմը չի կարող դադարել առանց Ռուսաստանի հետ անմիջական բանակցության:
Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ - Ես չեմ վախենում Վլադիմիր Պուտինի նրա հետ անմիջական զրույցից, մենք չենք վախենում ուղղակի երկխոսությունից. բոլորը գիտեն, թե եվրոպական որ երկրներն են աջակցում Ուկրաինային:
Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն «ուկրաինացիների և ուկրաինացիների» միջև բանակցություններն են՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա քաղաքացիական պատերազմ է, որը հրահրվել է 2014 թվականին՝ հայտնի իրադարձությունների ֆոնին: Ռուսաստանը հակամարտության կողմ չէ՝ շեշտել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան անում է հնարավորը, որպեսզի օգնի Ուկրաինային՝ լուծել Դոնբասի հարցը:
ՆԱՏՕ-ի անդամներից շատերը լարվածության համար մեղադրում են Մոսկվային: Դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կառույցի գլխավոր քարտուղարը Մոսկվային կոչ է հղել՝ փոխանցելով արտգործնախարարների մտահոգությունները:
Յենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - Մենք պետք է զգոն մնանք և խուսափենք էսկալացիայից: Նախարարները հաստատեցին, որ Ռուսաստանը բարձր գին կվճարի ագրեսիայի դեպքում, և դա լուրջ քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա Մոսկվայի համար: Մենք հավատարիմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Գրեթե նույն բովանդակությամբ կոչեր են հնչել Բրյուսելից:
Ժոզեպ Բորել, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ - Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պարզ լինի, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կունենա ուժեղ պատասխան: ԵՄ-ի համար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վեր են ամեն ինչից։ Եվ մենք ամուր և վճռական կկանգնենք Ուկրաինայի կողքին՝ նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու ցանկացած փորձի առջև:
Փոխադարձ մեղադրանքների ֆոնին ռուս-ուկրաինական սահմանին զորավարժություններ է սկսել Ռուսաստանը: Վարժանքներին ներգրավված է ավելի քան 10.000 զինվորական: Վլադիմիր Պուտինը մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի արևմտյան սահմանին վտանգ ստեղծելու համար:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Այս իրավիճակում մենք համարժեք ռազմատեխնիկական միջոցներ ենք ձեռնարկում։ Կրկնում եմ՝ մենք որևէ մեկին չենք սպառնում: Մեզ դրա համար մեղադրելն առնվազն անպատասխանատվություն է:
Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի ղեկավարը Դոնբասում տիրող իրավիճակը կքննարկի թուրք գործընկերոջ հետ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Պաշտոնական Մոսկվան կոշտ էր արձագանքել՝ պնդելով, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ, իսկ հակամարտությունը, որի կարգավորմանը ցանկանում է օգնել Թուրքիան, Ուկրաինայի ներքին խնդիրն է։