Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանը քաղաքի հետերկրաշարժյա պատմության կրողն է արդեն 33 տարի։ Գյումրեցիները նաև ուրվական շենք էին համարում, որովհետև երկրաշարժից հետո այն միակ կառույցն է, որ հիշեցնում է աղետը։
Շենքն ապամոնտաժելու տարբեր ծրագրեր կային, նույնիսկ գաղափար կար՝ ոչ թե ապամոնտաժել, այլ ամրացնել-պահպանել՝ որպես 88-ի աղետի վկա։ Քաղաքի կենտրոնում գտնվող վթարայինը տեսնելու պարտադիր գալիս էին արտասահմանցի զբոսաշրջիկները։ Շենքում պարբերաբար փլուզումներ էին գրանցվում։ Ամեն փլուզումից հետո կարմիր ժապավեն էին կապում, քննարկում ապամոնտաժման հարցն ու հետո էլի մոռացվում էր։
Շենքը տևական ժամանակ հնարավոր չէր ապամանտաժել, քանի որ չորրորդ աստիճանի վթարայինում ընտանիքներ էին բնակվում՝ հրաժարվելով դուրս գալ։ Երկու տարի առաջ «Առդա» բարեգործական հիմնադրամի ու Գյումրու համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ ընտանիքներն ապահովվեցին բնակարանով։ Հիմա առաջին մասնաշենքն ապամոնտաժում է Հայր և որդի Գաբոյաններ ընկերությունը։
Մի քանի օրից առաջին մասնաշենքի ապամոնտաժումը կավարտվի։ Շենքը սեփականատիրոջ կողմից ձեռք է բերվել անցած տարի։ Երկրորդ մասնաշենքի ապամոնտաժումից առաջ բանակցություններ են ընթանքում։ Պարզվում է՝ այդ հատվածում ավելի քան 25 սեփականատեր կա չորրորդ աստիճանի վթարայինում։
Առայժմ բանակցությունները շարունակվում են, ավարտելուց հետո հաշված օրերի ընթացքում Գյումրին հրաժեշտ կտա երկրաշարժը հիշեցնող միակ կառույցին։ Ի՞նչ են կառուցելու տարածքում՝ գործարա՞ն, թե՞ հյուրանոց, դեռ բարձրաձայնել չեն շտապում։ Առջևում խոշոր ներդրումային ծրագիր կա, և Գյումրիում կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ասում են ընկերությունից։