Եվրամիությունը Հայաստանի խորհրդարանի հետ առաջին անգամ իրականացնում է փորձի փոխանակման, մասնագիտական շփումների, այցերի, դասընթացների «Թվինինգ» ծրագիր: Մեկ միլիոն եվրո արժողությամբ երկամյա ծրագրի նպատակն է ուժեղացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունները:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Երկու հանգամանքից ելնելով, նախ՝ որ Հայաստանում կառավարման ձևն է փոխվել, երկրորդ՝ որ ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիրը, և հետևաբար, կարիք կա դրա կիրարկման գործընթացի նկատմամբ վերահսկողույթուն իրականացնել Աժ կողմից, ինչի փորձը, բնականաբար, եվրոպացի գործընկերները ունեն:
Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտավ Հայաստանի համար դժվար՝ պատերազմի ու համավարակի ժամանակահատվածում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, նշանավորեց երկկողմ գործակցության նոր փուլի սկիզբը: Նա հայտարարեց, որ CEPA-ով ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումն ու բարեփոխումների ավելի լայն օրակարգն էապես կդյուրացնեն հետճգնաժամային վերականգնումը, սահմանադրական կարգի և ժողովրդավարական արժեքների ամրապնդումը:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Ազգային ժողովին վերապահված դերն առաջնահերթ նշանակություն ունի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզով ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացին հետևելու հարցում: 2018-ի հեղափոխությունից հետո, 2018, 2021 թ. ընտրությունների արդյունքում ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն, մեր թիմը նախաձեռնել է էական բարեփոխումներ, վերակազմավորման գործընթաց, որոնք ուղղված են ԱԺ վարչակազմի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների հզորացմանը:
Հանրային իրազեկման համաժողովին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ ցանկացած թվինինգային ծրագրի հիմքը սերտ գործակցությունն է գործընկեր երկրների պետական կառավարման մարմինների միջև՝ հասանելի դարձնելու փորձագիտական կարողությունները: Եվրամիությունը ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել արդարադատության ոլորտի և հակակոռուպցիոն բարեփոխումների համար:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար) - Ծրագիրը սկսել ենք Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում: Ընդգծեմ, որ այս երկիրը երկրորդ անգամ անցկացրեց ազատ, թափանցիկ և վստահելի ընտրություններ, որոնք CEPA-ի համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործակցությունը լիարժեք դարձրին: Շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնք զբաղվեցին իրավունքի գերիշխանության խնդիրներով, ժողովրդավարացման գործընթացով: Հուսով եմ՝ կբարելավվեն Ազգային ժողովի կարողությունները, կկատարելագործվեն համաձայնագրի հետ կապված օրենսդրությունն ու պրակտիկան:
Ծրագիրը կիրականացնեն Հունաստանի և Իտալիայի խորհրդարանները: «Թվինինգ» ծրագրի նպատակներից է նաև օրենսդիր մարմնի գործառույթների զարգացման միջոցով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը: