51 մլրդ 905 մլն դոլար: Այսքան արտահանում են իրականացրել Եվրասիական տնտեսական միության երկրները այս տարվա հունվար-սեպտեմբերին միության տարածքում: Ամենամեծ բաժինն ընկնում է Ռուսաստանին (ավելի քան 32 ու կես միլիարդ դոլար) 32 մլրդ 677 մլն 500 հազար դոլար, երկրորդը Բելառուսն է՝ (մոտ 12 ու կես միլիարդ) 12 մլրդ 431 մլն 100 հազար դոլար, հաջորդում է Ղազախստանը (5 ու կես միլիարդ) 5 մլրդ 618 մլն 200 հազար դոլարով, Հայաստանը չորրորդն է՝ 619 մլն 700 հազար դոլարով, Միության տարածքում ամենաքիչ արտահանումն իրականացնում է Ղրղզստանը՝ 558 մլն 500 հազար դոլար:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Ընդհանուր սպառման ծավալներն ավելի շատ են, քան ներքին արտադրության ծավալներն են: Դա մեզ հուշում է, որ երկրները դեռ անելիքներ ունեն, այսինքն՝ կա մեծ շուկա, և ամեն երկիր իր մասնակցությունը պետք է մեծացնի ի հաշիվ ներմուծման՝ ԵԱՏՄ-ից դուրս ներմուծումներ, որ տեղի են ունենում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Ղազախստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է՝ 39.2 տոկոսով, Ռուսաստանից՝ 35.6 տոկոսով, Ղրղզստանից՝ 32.2, Հայաստանից՝ 27.8, իսկ Բելառուսից՝ 22.7 տոկոսով:
Եղիշե Սողոմոնյան - Մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ-ի շուկան կազմում է 32 տոկոս, որի 31 տոկոսը հենց Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն է: Պետք է նշեմ, որ էս 9 ամիսների ընթացքում 21 թվականի արտահանման մասով դրական դինամիկա կա:
Ներմուծման առումով պատկերն այլ է. ԵԱՏՄ տարածքից Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 389 մլն 600 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոս ավելի, Ղրղզստան՝ (մոտ 1 միլիարդ 800 միլիոն) 1 մլրդ 793 մլն 700 հազար դոլար՝ աճը 28.1 տոկոս, Ղազախստան՝ (գրեթե 13 միլիարդ) 12 մլրդ 918 մլն դոլարի ապրանք՝ աճը 24.8 տոկոս, Բելառուս՝ (մոտ 17 միլիարդ) 16 մլրդ 868 մլն 600 հազար դոլար՝ աճը 46.7 տոկոս և Ռուսաստան՝ (ավելի քան 17,7 միլիարդ) 17 մլրդ 724 մլն 100 հազար դոլար աճը՝ 29.2 տոկոս:
Եղիշե Սողոմոնյան - Կարևոր է, որ էդ ներմուծումը կրճատվի ԵԱՏՄ տարածք այլ երկրներից, և ինքնաբավ դառնան, իրենց միջոցների հաշվին դա տեղի ունենա:
Իսկ ԵԱՏՄ անդամ երկրների առևտուրը երրորդ երկրների հետ այս տարվա ինը ամսում գերազանցել է 596 մլրդ դոլարը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան