Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առիթով մասնագետները ևս մեկ անգամ ընդգծում են ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման կարևորությունը, որպեսզի դրա դեմ բուժումն էլ առավել արդյունավետ լինի: Ի դեպ, ցանկացած անձ կարող է ՄԻԱՎ-ի անանուն և անվճար հետազոտություն անցնել: Բուժումը նույնպես անվճար է: Աշխարհի ու այդ թվում՝ Հայաստանի թիրախն է մինչև 2030 թվականը հասնել որոշ վարակիչ հիվանդությունների՝ մասնավորապես ՄԻԱՎ-ի վերացմանը:
Նարինա Սարգսյանց, ՀՀ առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու - Թիրախը կարող է թվում է, որ հեռավոր է, բայց իրականում հենց այսօր կամ երեկ չէ առաջին օրը պետք է սկսեինք դրա վրա աշխատել և որպեսզի հասնենք այդ թիրախին, երեք կարևորագույն գաղափար է դրա հիմքում, որը կոչվել է երեք 90-ի գաղափար: Այս տարի դարձրել են անգամ երեք 95-ի:
Այդ թիրախներից առաջինն այն է, որ ՄԻԱՎ ունեցող մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին, այսինքն՝ ախտորոշումը, երկրորդը, որ այդ անձանց 95 տոկոսն ստանա հակառետրովիրուսային բուժում, իսկ բուժում ստացողների 95 տոկոսի դեպքում էլ վիրուսը ճնշվի:
Նարինա Սարգսյանցը նկատում է՝ վիրուսի ճնշված ու չորոշվող քանակը կնշանակի, որ գրեթե զրոյանում է դրա տարածման ռիսկը: Ասում է՝ ՄԻԱՎ-ը վերացնել առաժմ հնարավոր չէ, բայց վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը կարող են նպաստել, որպեսզի ՄԻԱՎ-ով մարդու կյանքը գրեթե չտարբերվի մյուսների կյանքից: Այնինչ Հայաստանում հաճախ ախտորոշվում է արդեն խորացված՝ ՁԻԱՀ-ի փուլում:
Նարինա Սարգսյանց - Մենք խնդիր չունենք այդ դեղերի թե՛ քանակի, թեծ պացիենտների տրամադրման, ընդ որում, կարելի է ասել, Հայաստանում լավագույն սխեմաներով ենք բուժում, տարածաշրջանի առաջատարներից ենք:
Իսկ «Արմենիկումը», որը 1998 թվականին որպես հեղափոխական հայտնագործություն էր ներկայացվում ու պետք է բուժեր դարի չարիք ՁԻԱՀ-ը, հակառետրովիրուսային դեղամիջոցների ցանկում ընդգրկված չէ:
Նարինա Սարգսյանց - Այն դեղամիջոցը, որի մասին նշեցիք, մասնակի ունեցել է հակավիրուսային ազդեցություն, ավելի շատ ուղղված է եղել իմունային համակարգը շտկելուն և այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում միանման մոտեցում է ՄԻԱՎ վարակի բուժման, այսինքն՝ դա հակառետրովիրուսային բուժումն է, ապա մենք այդպես պետք է շարժվենք:
Սարգսյանցի խոսքով՝ ամբողջ աշխարհը գնում է ապացուցողական հիմքով և չափելի բուժումների ճանապարհով: Հայաստանը՝ նույնպես:
Նարինա Սարգսյանց - Մենք ունենք շատ հստակ չափանիշներ, որոնցով չափվում է բուժման արդյունավետությունը, եթե որևէ բուժում չի համապատասխանում այդ հստակ չափանիշներին, և եթե բուժումը չի համապատասխանում, ապա մենք ուղղակի իրավունք չունենք դա կիրառելու:
Ժամանակին «Արմենիկումի» մասին հայտարարվելուց հետո նաև համանուն կլինիկա բացվեց, տարիներ շարունակ պետական միջոցներ էին հատկացվում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հարցում արդյունավետությունը չհաստատելուց հետո այսօր այդ կլինիկան, որպես այդպիսին, գոյություն չունի, տարածքը վարձակալությամբ այլ բուժկենտրոններ են զբաղեցնում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան