Դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի և ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստել այսօրվա երիտասարդությանն ապագայի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով։
«Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» ծրագրի նպատակն է օգնել հաղթահարել աշխատաշուկայում առկա մարտահրավերները, խթանել ինքնազբաղվածության հնարավորություններն ու օգնել մարզերում բնակվող կանանց և երիտասարդներին առավել հեշտ մուտք գործել աշխատաշուկա։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել լաբորատորիայի նշանակությունը՝ որպես դրական ազդեցություն ունեցող նախաձեռնություն աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների և կանանց հմտություններ ձեռք բերելու հարցում, համայնքի տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև արդյունավետ և շարունակական համագործակցությունը ՄԱԶԾ-ի, ՌԴ կառավարության, նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
Այնուհետև հյուրերն այցելել են նաև Արծվաքար բնակավայր, որտեղ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորված «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ կառուցվել է Միքայելյանների պանրի մառանը՝ Գաստրո բակը: Ծրագիրը ՓՄՁ-երին աջակցության շրջանակներում ֆինանսավորել է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը, որի արդյունքում մեծացել է արտադրության ծավալը և պանրի տեսականին:
Միքայելյանների Գաստրո բակը յուրահատուկ պանրի մառան է, որը պատկանում և կառավարվում է ընտանիքի կողմից և իր հյուրերին առաջարկում ավելի քան 10 տեսակի պանիր, ինչպիսիք են Արմեզանը (պարմեզանի հայկական տարբերակը), պանիր կոնյակի և գինու մեջ պատրաստված, ինչպես նաև պանիր փաթաթված խաղողի տերևների մեջ: Գաստո բակում պատրաստվում է նաև հայկական ինքնատիպ խամոն: Գործունեություն ծավալելուց ի վեր մառան այցելել են երկու հազարից ավելի հյուրեր:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին իր բացման խոսքում նշել է նմանատիպ զբոսաշրջային վայրերի կարևորությունը թե՛ մարզային կյանքի բարելավման և թե՛ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին աջակցության համար:
«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն իրականացվել է 2016-2019թթ. և ունեցել է նպատակ խթանել կայուն զբոսաշրջությունը ՀՀ մարզերում՝ բարձրացնելով սոցիալ-տնտեսական ցուցանիշը: Այն ուներ միտում նվազեցնելու գյուղական աղքատության մակարդակը և նպաստելու տարածքային հավասար զարգացմանը: